Բավ է պառակտվել
30-04-2019 19:58

ԵՏՀ կոլեգիայի նախագահն ամփոփել է Երևանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Երեքշաբթի Երևանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի օրակարգի բոլոր 13 հարցերում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը նիստից հետո կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ։

Խնդրահարույց հարցեր

Ինչպես նշել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը, խնդրահարույց հարցերի շարքում են ընդհանուր շուկայի ձևավորմանը խոչընդոտող արգելքներն ու սահմանափակումները։

“Մենք եռամսյակը մեկ վարչապետներին հաշվետվություն ենք ներկայացնում մեր ընդհանուր շուկաներում առկա իրավիճակի մասին, որպեսզի բիզնեսի համար ստեղծենք առավել բարենպաստ պայմաններ, որպեսզի նրանք չհանդիպեն խոչընդոտների անդրսահմանային տարածքում՝ առևտուր իրականացնելու համար: Ցավոք, մենք արձանագրել ենք, որ այդ խնդիրն այսօրվա դրությամբ լուծված չէ և անհրաժեշտ է վարչապետների քաղաքական կամքը, որպեսզի “Սպիտակ գրքում” նկարագրված սահմանափակումները, իսկ դրանց թիվը հասնում է 65-ի, հաղթահարենք:

Նրա խոսքերով, ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից մշակվել են “ճանապարհային քարտեզներ”, որոնք կնպաստեն այդ սահմանափակումների հաղթահարմանը, սակայն անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կառավարությունները հսկողության տակ վերցնեն այդ հարցերը:

Հակադեմպինգային քաղաքականություն

“Մենք անցկացրել ենք հակադեմպինգային հետաքննություն՝ ԵԱՏՄ տարածքում հերբիցիդներ արտադրողների շահերի պաշտպանության նպատակով: Եվրոպական մի քանի կազմակերպություններ ձեռնարկել էին դեմպինգային քաղաքականություն, որպեսզի մեր շուկան հայտնվի իրենց ձեռքերում: Անցկացվել է հակադեմպինգային հետաքննություն, սակայն հայտնվել է վետոն, որը մեզ խանգարել է իրականացնել այդ իրավունքը: Մենք գոհունակությամբ ընդծում ենք, որ այսօր մեզ հաջողվեց գալ կոնսենսուսի այդ հարցի վերաբերյալ և կոլեգիայի որոշումը կգործի”,-ասել է Սարգսյանը:

Սպիտակ շաքար

“Հաջորդ հարցը վերաբերել է շաքարավազին, որը ներկրվում է ազատ տնտեսական գոտիներ, իսկ հետո ապրանքները, որոնք պատրաստվում են այդ գոտիներում, հայտնվում են մեր ընդհանուր շուկայում։ Այդպիսով խախտվում են հավասար մրցակցային պայմանները: Այսօր այստեղ ևս մեզ հաջողվեց գալ կոնսենսուսի, և կա պայմանավորվածություն, որ արդեն հաջորդ տարվա հունվարի 1-ից շաքարավազը կլինի այն ապրանքների ցանկում, որոնք չպետք է հայտնվեն ազատ տնտեսական գոտիներում”,- ասել է Սարգսյանը։

Փակ շուկաներ

“Նիստի ընթացքում կարգավորվել է ոլորտային շուկաները փակելու իրավունքի հարցը։ Ընդունվել է կոնսեսուսային որոշում, որ պետությունները չունեն նման իրավունք, իսկ որոշումները պետք է ընդունվեն պահանջները խախտող կոնկրետ ձեռնարկությունների նկատմամբ”,-պարզաբանել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը:

Էլեկտրոնային “միասնական պատուհան”

“Հայաստանի՝ ուղեկցող էլեկտրոնային փաստաթղթերի հետ կապված նախաձեռնությունը ստացել է կոլեգիայի, Եվրասիական միության հանձնաժողովի աջակցությունը և արդեն մշակվում է մեր թվային գրասենյակի կողմից: Այսինքն, Հայաստանի այս փորձը մասշտաբային բնույթ է ստանում Եվրասիական ամբողջ միության շրջանում: Մենք հաստատել ենք “մեկ պատուհանի” էտալոնային մոդելը”,- տեղեկացրել է Սարգսյանը։

Նրա խոսքերով, եթե բոլոր անդամ երկրները ձևավորեն “միասնական պատուհանն”՝ այն բիզնեսի համար կունենա սկզբունքային կարևոր նշանակություն:

“Դա կնշանակի, որ պետությունները բիզնեսին իրենց ծառայությունները կմատուցեն առավել հարմարավետ: Այս հարցի շուրջ ևս առկա է պայմանավորվածություն: Թվային առաջին ծրագրի թողարկումը լուծում է կոոպերացիների խնդիրը, պաշտպանում է փոքր և միջին բիզնեսի շահերը, հանվում են գործառնական մի շարք ծախսեր”,- նշել է նա։

Ազգային թվային պլատֆորմ

“Թվային օրակարգի վերաբերյալ այսօրվա որոշումը թույլ է տալիս մեզ հայտարարել, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում առաջին անգամ ձևավորվում է թվային էկոհամակարգ, որը թույլ կտա մեր երկրներին իրականացնել իրենց թվային ինքնիշխանությունը: Մենք ինքներս կունենանք մեր թվային եվրասիական պլատֆորմն”, - ասել է ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը:


ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի մասին

Միջկառավարական խորհուրդը միության մարմիններից է, որի կազմում են անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները։ Խորհուրդը ապահովում է ԵԱՏՄ պայմանագրի և Եվրասիական տնտեսական խորհրդի որոշումների իրականացումն ու վերահսկողությունը: Այն նաև հանձնարարականներ է տալիս Եվրասիական տնտեսական խորհրդին և իրականացնում է միության շրջանակներում պայմանագրով և միջազգային պայմանագրերով նախատեսված այլ լիազորություններ: ԵԱՏՄ անդամ երկրների ինտեգրացիոն համագործակցության սկզբունքային հարցերի էական մասը քննարկվում է միջկառավարական խորհրդի շրջանակներում:

2019թ. Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ մարմինների, այդ թվում՝ միջկառավարական խորհրդի նախագահությունը: