Բավ է պառակտվել
05-10-2022 13:53

Հայաստանի տարածքի որոշ հատվածներում տնտեսական կյանքը պարալիզացված է Ադրբեջանի ագրեսիայի պատճառով․ Քերոբյան

Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում որոշակի հատվածներ պարալիզացված են կամ մոտ են պարալիզացված լինելուն, ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահամ Քերոբյանը:

«Ես այցելել եմ թե Վարդենիս, Սոթք, թե Ջերմուկ և այլ վայրեր, որպեսզի հասկանանք, թե ինչ ծրագրեր պետք է ներդնենք հիմա, որ կարողանանք վերաակտիվացնել տնտեսական կյանքը: Հիմա ուսումնասիրություններն ընթանում են: Այնուամենայնիվ, մեզ համար ակնհայտ է, որ, եթե ադրբեջանցիները ելման դիրքեր չվերադառնան, ապա խնդիրը բավական բարդանում է»,- ասել է նա լրագրողներին չորեքշաբթի:

Նախարարը նշել է, որ պատճառված տնտեսական վնասի չափը դեռ հաշվարկված չէ։

«Մի քանի հազար հեկտար հող չի մշակվի, Ջերմուկում զբոսաշրջային կյանքը կանգ է առել: Բայց մենք ոչ մի բնակավայր չենք կորցրել, ոչ մի խոշոր, լուրջ բիզնես չի կորցվել, անգամ Սոթքի հանքը շարունակում է աշխատել»,- ասել է Քերոբյանը՝ նշելով, որ այս պահին գործողությունների պատրաստի ծրագիր չկա: