Բավ է պառակտվել
03-04-2020 15:18

Տնտեսական կորուստները կլինեն Էական ․Էկոնոմիկայի նախարար

Արդյո՞ք կան հաշվարկներ, թե ինչ տնտեսական կորուստներ են գրանցվել մարտ ամսվա ընթացքում և ապրիլի մասով ինչ կանխատեսումներ կան: Լրագրողների հետ զրույցում Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ մարտ ամսվա համար կան նշաններ։
«Հարցում ենք կատարել հատկապես մասնավոր կազմակերպություններին, որոնք մարտի կեսից կամ ավելի շուտ սահմանափակել էին տնտեսական գործունեության իրենց ծավալները: Դրանք թվով մոտ 1200 կազմակերպություն են, որոնք մասնակցել են այդ հարցմանը: Զգալի են այն ծավալները, որոնք կրճատվել են: Տարվա համար դեռևս շուտ է գնահատական տալ։ Գործարկելու ենք աջակցության նոր եղանակներ և բնական է, որ կորուստները կլինեն էական։

Նախարարը ներկայացրեց նաև տնտեսական խնդիրների հակազդման միջոցառումների ցանկը։ Օրինակ փոքր և միջին բիզնեսի համար արագացված ընթացակարգով՝ առանց բանկային և ֆինանսական կազմակերպությունների միջնորդության վարկավորման հնարավորություն է տրվելու, եթե այդ կազմակերպությունները 2019-ի ընթացքում դրսևորվել են որպես օրինապահ և պարտաճանաչ հարկ վճարողներ և վարկառուներ։
Հաջորդ ծրագրի շահառու են այն կազմակերպությունները, որոնք 2020 թվականի մարտ ամսվա վերջի դրությամբ չեն կրճատել աշխատակիցների քանակը և աշխատավարձի ֆոնդը, որ սովորաբար օգտագործել են իրենց աշխատակիցների աշխատավարձը տալու համար. «Մենք հայտարարեցինք, որ այդ կազմակերպությունների դեպքում յուրաքանչյուր հինգերորդ աշխատակցի մեկ ամսվա միջին աշխատավարձը վճարում է կառավարությունը»։
Դիտարկմանը, որ արդեն իսկ կազմակերպություններից բողոքներ կան, որ արտակարգ դրության պայմաններում ՊԵԿ-ը և ԴԱՀԿ-ը կալանք են դնում հաշիվների վրա և բռնագանձումներ անում, Խաչատրյանն արձագանքեց՝ արտակարգ դրությունը հայտարարված է այն պարզ պատճառով, որ քաղաքացիների տեղաշարժը սահմանափակելով, մենք նախ և առաջ մեր համաքաղաքացիների առողջության մասին ենք մտածում։
«Երևույթն ինքնին ուղիղ կապ չունի այն պարտավորությունների հետ, որոնք ընկերություններն ունեն պետության առջև։ Հարկային պարտականությունները պետք է իրականացվեն իրենց բնականոն եղանակով։ Համապատասխանաբար, եթե զարգացումները հասել են նրան, որ ՊԵԿ-ը կամ ԴԱՀԿ-ը ստիպված են այդ կազմակերպությունների նկատմամբ միջոցներ ձեռնարկել, որ նրանք կատարեն իրենց պարտավորությունները պետության կամ երրորդ անձանց նկատմամբ, ապա դրանք պետք է կատարվեն։ Մենք գիտենք, որ դժվար ժամանակներ են, և կարիք ունեցող խմբեր կան, որոնց պետությունն աջակցում է։ Բայց այն կազմակերպություններն ու անհատները, որոնք ունեն պարտավորություններ, պետք է դրանք սպասարկեն և իրականացնեն»,- շեշտեց Խաչատրյանը։
Լրագրողները Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեց՝ այս օրերին շատ քաղաքացիներ, մասնավորապես գյուղի բնակիչները դժգոհում են, որ չնայած պարետատունը չի արգելել գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելը, այնուամենայնիվ նրանց արգելում են հողամաս գնալ և աշխատանքներ կատարել:
«Ինձ հայտնի չեն նման ահազանգեր, իրականում չեմ կարծում, որ որևէ մարզպետ, որ գյուղացուն արգելել է իր հողամասու աշխատել: Չեմ բացառում նաև հակառակ դեպքերը, երբ մարդիկ տեղաշարժվում են և որպես հիմնավորում նշում են դաշտում աշխատելու անհրաժեշտությունը: Հնարավոր են տարբեր իրավիճակներ: Որպես պարետատան հանձնաժողովի անդամ, կոչ եմ անում մեր քաղաքացիներին` սահմանափակել տեղաշարժն այնտեղ, որտեղ դա ծայրահեղ անհրաժեշտություն չի ներկայացնում: Մյուս կողմից, կարծում եմ ` որևէ խոչընդոտ չկա այն մարդկանց համար, ովքեր դաշտում պետք է իրենց աշխատանքը կատարեն առանց այնպիսի կուտակումների, որոնք կարող են վտանգավոր դառնալ»,-պատասխանեց նա:

 

 

Արմինե Գևորգյան