Բավ է պառակտվել
11-01-2016 14:41

ԵԶԲ. 2016 թ.–ին Հայաստանի ՀՆԱ–ի աճը կտատանվի 1,7–2,2%–ի սահմանում

Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վերլուծաբանները կանխատեսում են, որ 2016 թ.–ին Հայաստանի ՀՆԱ–ի աճը կտատանվի 1,7–2,2 տոկոսի սահմանում։ Այս մասին նշվում է ԵԶԲ–ի վերլուծական վարչության հրապարակած «ԱՊՀ–ի դեկտեմբերին մակրոմոնիտորում»։ Բանկի կոնսենսուս–կանխատեսման համաձայն, Հայաստանի տնտեսությունը կաճի 2,2 տոկոսով։ ԵԶԲ–ի վերլուծաբանները կարծում են, որ Հայաստանի ՀՆԱ–ի աճի հեռանկարը 2016 թ.–ին մնում է անորոշ ուժեղացող արտաքին խոցելիության հետևանքով։ «Ռուսաստանի տնտեսության վերականգնման շուրջ տիրող անորոշությունը, Եվրոպայում աճի ցածր տեմպերը, տարածաշրջանում ձևավորված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը, մետաղների ցածր գները առաջարկի շոկից անհետացող արդյունքի, ինչպես նաև դրամի իրական ամրապնդման պայմաններում, կսահմանափակեն արտահանումն ու արդյունահանող և վերամշակող արդյունաբերության ցուցանիշները», – նշվում է զեկույցում։ Ինչպես նշում է ԵԶԲ–ն, արտահանման համար դրական կարող է դառնալ ԵՏՄ երկրներ և այլ ուղղություններով արտահանման երթուղիների ընդլայնման արդյունքում բարենպաստ պայմանների ավելացումը։ Մակրոտնտեսական քաղաքականության սահմանափակ գործիքները, դանդաղ վարկավորումը, կառուցվածքային բարեփոխումների պակասը կզսպեն սպառումն ու ներդրումները, որոնց կրճատումը յոթ տարվա ընթացքում համակարգային բնույթ է ստացել։ Առևտրի, որոշ ծառայությունների և շինարարության ոլորտներում գրանցված անկումը կարող է դադարել, այդ թվում նաև դրամական փոխանցումների վերականգնման արդյունքում։ Միաժամանակ ԵԶԲ–ի վերլուծաբանները կարծում են, որ 2016 թ.–ին Հայաստանում գնաճի մակարդակը թիրախային միջակայքում պահելու հնարավորւթյունը մեծ մասամբ կախված կլինի դրամի փոխարժեքի կայունությունից։ ԵԶԲ–ի կանխատեսմամբ` 2016 թ.–ին կվատանա Հայաստանի վճարային հաշվեկշիռը։ Ըստ զեկույցի` ՀՆԱ–ի աճը 2015 թ.–ի արդյունքում կազմել է 2,5– 2,7 տոկոս (2,3 տոկոս` նախատեսված կոնսենսուս–կանխատեսման համաձայն)։ Միաժամանակ ԵԶԲ վերլուծաբանները կանխատեսում են, որ ԱՊՀ երկրների համախառն ՀՆԱ–ն 2015 թ.–ին կնվազի 3,5–4 տոկոսով, սակայն 2016 թ.–ին կսկսի կրկին աճել։ Ըստ պետբյուջեի` Հայաստանում ՀՆԱ–ի աճը 2015 թ.–ին նախատեսվում է 4,1 տոկոսի սահմանում։ 2016 թ.–ի պետբյուջեի համաձայն` ՀՆԱ–ի իրական աճն այս տարի Հայաստանում նախատեսված է 2,2 տոկոսի սահմանում։