Բավ է պառակտվել
15-03-2022 21:11

Ռուսաստանի տնտեսության անկումը 2022 թվականին կարող է կազմել 6 տոկոս, ինչն էական ազդեցություն կունենա Հայաստանի վրա. ԿԲ ղեկավար

Ռուսաստանի տնտեսության անկումը 2022 թվականին կարող է հասնել 6 տոկոսի, ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Սա էական ազդեցություն կունենա մեզ վրա։ Միաժամանակ մենք պետք է հանգիստ աշխատենք, որպեսզի նվազագույնի հասցնենք դրա հնարավոր ազդեցությունը մեր տնտեսության վրա»,- ասել է նա։

Երեքշաբթի մամլո ասուլիսում Գալստյանն ասել է, որ, ըստ ԿԲ կանխատեսումների, 2022 թվականին Հայաստանի տնտեսության աճը կկազմի 1,6 տոկոս՝ բյուջեով նախատեսված 7 տոկոսի փոխարեն։ Ավելի վաղ՝ նախորդ տարվա դեկտեմբերին, ԿԲ-ն ընթացիկ տարվա համար կանխատեսել էր Հայաստանի ՀՆԱ-ի 5,3% աճ։

Ըստ ԿԲ ղեկավարի՝ ռուս-ուկրաինական առճակատման պատճառով հակառուսաստանյան պատժամիջոցների կապակցությամբ զգալիորեն աճել է ֆինանսական շուկաների փոփոխականությունը և, արդյունքում, մեծացել է գլոբալ տնտեսական հեռանկարներին առնչվող անորոշությունը։

«ԱՄՆ-ում և Եվրագոտում այս տարի կանխատեսվում է տնտեսական աճի դանդաղում, իսկ Ռուսաստանում՝ տնտեսական անկում։ Միևնույն ժամանակ, մատակարարման շղթաներում դիտվող խափանումները գների զգալի աճ են առաջացրել միջազգային ապրանքահումքային շուկաներում։ Գործընկեր երկրներում դա դրսևորվում է ավելի բարձր գնաճային միջավայրով, քան սպասվում էր։ Արդյունքում՝ կանխատեսվում է արտաքին հատվածի կողմից Հայաստանի տնտեսության վրա առավելապես գնաճային ազդեցություն։»,- ասել է նա։

Միաժամանակ, ըստ ԿԲ նախագահի, այս պահին ռուսական բազմաթիվ ընկերություններ, որոնք ունեն մեծ ներդրումային փաթեթներ Հայաստանում, շարունակում են իրենց բնականոն աշխատանքը։

«Նրանց մեծ մասն, օրինակ՝ էներգետիկայի ոլորտում, մեր ունեցած տվյալներով, Հայաստանում պատժամիջոցների ենթակա գործունեություն չի իրականացնում»,- ասել է նա։

2022 թվականի պետբյուջեում Հայաստանի տնտեսական աճը նախատեսված է 7%, իսկ գնաճը սահմանվել է 4% (± 1,5%)։