Բավ է պառակտվել
10-09-2016 14:25

Եկող կառավարությունը ժառանգելու է դժվար իրավիճակում գտնվող տնտեսություն. մասնագետ

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ժառանգել էր շատ դժվար տնտեսական իրավիճակում գտնվող երկիր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

«Առկա էին բավականին բարձր պետական պարտքի աճի տեմպեր, առկա էր տնտեսական աճի որոշակի դանդաղեցում: Այս տարիներին պետական պարտքն այն աճեց մոտ 1 միլիարդ ԱՄՆ դոլարով: Հետաքրքիր փաստերից մեկն էլ այն է, որ ստիպված եղան համախառն ներքին արդյունքի 50 տոկոսի շեմը բարձրացնել մինչև 60 տոկոս, այն պարզ պատճառով, քանի որ այլևս պարտք ներգրավվելու տեղ չկար»,-մանրամասնեց տնտեսագետը:

Նրա խոսքով՝ արդեն նախորդ կառավարությունը միակն էր, որ ստիպված եղավ բյուջեի եկամուտները նվազեցնելով՝ հաստատել բյուջե. «Ստիպված եղան բարձրացնել պակասորդի շեմը, 2,3 տոկոս նախատեսում էին, տարվա վերջում դա դառնում էր 4 տոկոսից ավելին: Այսինքն ներգրավվում էին ավելի շատ պարտք՝ դեֆիցիտը ծածկելու համար և քանի որ չկային եկամուտներ՝ բյուջեն համալրելու համար առաջանում էր նաև բյուջեի մուտքերն ապահովելու խնդիր»:

Ինչ վերաբերում է արտահանմանը, Վիլեն Խաչատրյաին կարծիքով, այդ կտրվածքով այս կառավարությունն ունեցավ որոշակի հաջողություններ՝ հատկապես 2016 թվականի ընթացքում:

«Իհարկե, այստեղ փաստարկներ կան, որ առկա է Թուրքիայի ազդեցությունը: Թուրքիան, եթե Ռուսաստանի հետ իր հարաբերություններում վատ դիրքերում չհայտնվեր, Հայաստանը գուցե իր արտահանման կտրվածքով ևս չկարողանար ունենալ առավելություններ: Այնուամենայնիվ կարծում եմ՝ մեր արտահանումը որակական առումով ունի լուրջ թերություններ, մենք բանանային երկրի մոդելով ենք շարժվում, այն պարզ պատճառով, որ հումք ենք արտահանում և դրանով փորձում ենք արտահանման բարձր մակարադակ ապահովել»,-ասաց նա:

Անդրադառնալով ներմուծմանն՝ ասաց, որ 2015 թվականի ընթացքում երբեք չի եղել, որ կրճատվի 1 մլրդ 170 մլն ԱՄՆ դոլարով, այսինքն՝ մոտավորապես յուրաքանչյուր ամիս 100 մլն դոլարի շրջանակներում մեր բնակչությունը ներմուծվող ապրանք քիչ է սպառել:

Այդպես էլ լուծում չստացած կարևորագույն խնդիրներից տնտեսագետն առանձնացրեց գործազրկությունը:

«Այս խնդիրներով հանդերձ նոր՝ եկող կառավարությունը ևս ժառանգելու է բավականին դժվար իրավիճակում գտնվող տնտեսություն: Եկող կառավարությունը պետք է առաջին հերթին վերականգնի երկրի նկատմամբ վստահության մակարդակը: Եթե փոփոխությունները համակարգային չեղան, այլ եղան մի մարմնի կամ մի հաստատության շրջանակներում, բնականաբար դա չի տալու այն արդյունքը, որն ակնկալում ենք»,-ամփոփեց Վիլեն Խաչատրյանը: