Բավ է պառակտվել
31-01-2022 13:51

ԵՄ-ն կարող է փոխարինել ռուսական գազն Ադրբեջանից, Քաթարից և ԱՄՆ-ից մատակարարումներով․ Բորել

Եվրամիությունը գազի շուրջ բանակցություններ է վարում ԱՄՆ-ի, ինչպես նաև Քաթարի և Ադրբեջանի հետ, եթե Ռուսաստանը որոշի կրճատել կամ դադարեցնել մատակարարումներն։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պետք է պատրաստ լինենք, եթե դիվանագիտությունը ձախողվի: Մենք դիտարկում ենք բոլոր տարբերակներն ու սցենարները, ներառյալ՝ աշխատանքն այնպիսի գործընկերների հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Քաթարը և Ադրբեջանը՝ գազի մատակարարման հարցում, եթե Ռուսաստանը որոշի կրճատել կամ դադարեցնել մատակարարումները»,- ասվում է Բորելի շաբաթական բլոգում կատարած գրառման մեջ:

Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով ԵՄ-ում իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԵՄ-ն քննարկում է մի շարք երկրների հետ սվոփ գործարքի հնարավորությունը՝ Եվրոպա գազի մատակարարման ընդհատումներից խուսափելու համար, ինչը, մասնավորապես, կարող է պայմանավորված լինել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով։ Նրա տեղեկությամբ՝ ԵՄ-ն սվոփ գործարքների շուրջ քննարկումներ է անցկացնում Քաթարի և Նորվեգիայի հետ։ Միևնույն ժամանակ, Բրյուսելը սերտ կապի մեջ է Ալժիրի և Եգիպտոսի, ինչպես նաև ասիական երկրների հետ՝ պարզելու, թե արդյոք հնարավոր է նման գործարք։

Վերջին ամիսներին Արևմուտքում, ինչպես նաև Կիևում հայտարարություններ են հնչում Ուկրաինա ռուսական իբր հնարավոր ներխուժման մասին։ Կրեմլը դրանք անվանել է լարվածության դատարկ և անհիմն էսկալացիա։ Միաժամանակ Մոսկվան չի բացառել, որ դա արվում է Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը կարգավորելու ուժային փորձն արդարացնելու համար, և զգուշացրել է, որ Կիևի նման գործողությունները կունենան ամենալուրջ հետևանքները։