Բավ է պառակտվել
19-03-2020 18:24

Եթե կոնյակի որակը լավն է, ինչի չլինեն էժան կոնյակներ․վարչապետ

Այսօր կառավարությունը երկարատև քննարկում է ծավալել կոնյակ արտադրողների համար մինչև ապրանքի վաճառքը սահմանվող պետական տուրքի չափը նվազեցնելուն վերաբերող հարցի շուրջ: էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ասաց,որ կոնյակ և կոնյակի սպիրտ արտադրողները արտադրության հենց առաջին տարվանից պարտավոր են վճարել տարեկան պետական տուրք՝ 10 միլիոն դրամ, որի փոխարեն նախագծով առաջարկվում է սահմանել 50.000 դրամ:
«Եթե նոր արտադրող է, ապա երեք տարի և ավել պահանջվում է, որ գինուց մինչև կոնյակի արտադրության հասնի: Կոնյակ արտադրելու համար նախապատրաստական շրջանում առնվազն 30 միլիոն դրամ է վճարվում, մինչև այդ արտադրված կոնյակը հասնի իրացնելու տարվան: Առաջարկում ենք այդ կարգավորումը փոխել և սահմանել, որ այդ արտադրության, բայց ոչ իրացման առաջին տարիների ընթացքում տուրքի գումարը կազմի ոչ թե 10 միլիոն դրամ, այլ 50.000 դրամ: Այս փոփոխությամբ այն արտադրողները, որոնք նոր են որոշում կոնյակի արտադրությամբ զբաղվել, առաջին 30 միլիոն դրամը վճարելու փոխարեն կվճարեն ընդամենը 150 հազար դրամ»,- ասաց Խաչատրյանը:
Դեմ է արտահայտվել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նշվածը որակել է հարկային արտոնություն և ասել, որ գինը սահմանելու նպատակը եղել է որակյալ կոնյակ ստանալը:
«Էն դեպքում, երբ 10 մլն դրամը վճարվում է տարեկսզբին, դա հնեցված կոնյակի համար դառնում է ինքնարժեքի տարր, իսկ երբ հետո է վճարվում, դառնում է իրացման ծախս, տրամաբանությունն այն է, որ բարձր տուրք սահմանելու իմաստը, որ պատրաստված մարդը մտնի ոլորտ, որ 10 մլն-ը մտնի արտադրանքի ինքնարժեքի մեջ, որ էժան կոնկյակ չլինի»,- ասել է նա:
Նիկոլ Փաշինյանն առարկեց ․ «Կներեք, եթե կոնյակի որակը լավն է, ինչի չլինեն էժան կոնյակներ: Մենք ասում ենք` էժան կոնյակ չլինի ոչ թե էն պատճառով, որ էժան է, այլ էն պատճառով, որ կոնյակը կոնյակ չի»:
Էդվարդ Աղաջանյանը բերել է գինու օրինակը, երբ չկա 50 հզր-ի շեմը, իսկ դրա արդյունքում գինու արտադրանքը մրցունակ է ու որակապես չի զիջում: Իսկ 10 մլն դրամը տնտեսվարողները, այնուամենայնիվ, վճարելու են, պարզապես ոչ թե արտադրություն սկսելիս, այլ վաճառքի հանելուց առաջ:
Տիգրան Խաչատրյանը նշել է, որ մեկը կորոշի սեփական բրենդը ստեղծել, փոքր արտադրություն, տեխնոլոգիապես դա էլ է հնարավոր: Անանյանը հակադարձել է․
«Կոնյակի սպիրտի արտադրությունը բարդ տեխնոլոգիական պրոցես է, մենք ուզում ենք փոքրերը էնքան շատանան, բոլորն անեն: Տնտեսվարողը պետք է բարդ տեխնոլոգիական պրոցեսներ սկսի, մենք ինչի՞ց ենք խոսում»:
Հարցի շուրջ քննարկումների արդյունքում որոշվեց նախագիծը հետ ուղարկել կոմիտե՝ ևս մեկ քննարկման:

 

 

Արմինե Գևորգյան