Բավ է պառակտվել
15-05-2020 17:33

Եթե դուք հազում եք,ունեք հարբուխ՝ ապա պետք չի գնալ հանրային օբյեկտ

Արտակարգ դրության պայմաններում չսահմանափակված տնտեսական գործունեության անվտանգության կանոնները ներկայացնելիս Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը տեղեկացրեց, որ հանվում է սահմանափակումը նաև հանրային սննդի ոլորտում, բացվում են բարերը, ռեստորանները:
Փոխնախարարը նաև հայտնեց, որ չնայած սահմանափակումների թուլացմանը, մարդիկ, որոնք կունենան ակնհայտ ախտանիշներ՝ բարձր ջերմություն, հարբուխ, հազ, իրավունք չեն ունենա մուտք գործել հանրային սննդի օբյեկտներ:
«Ում ջերմությունը բարձր լինի, չի սպասարկվի: Վերջիններիս վերաբերյալ տեղեկությունը կհաղորդվի առողջապահության նախարարության թեժ գծին: Այս միջոցառումներն ուղղված են միմիայն համավարակի տարածումը կանխելու, հնարավորինս ռիսկի մակարդակը իջեցնելու համար»,- ասաց Սիմոնյանը:
Նա հիշեցրեց, որ քաղաքացիներն ու տնտեսվարողները խստորեն պետք է պահպանեն ու հետևեն սահմանված կանոններին: «Ձեռնարկատերերը, որոնք պատրաստվում են իրենց գործունեությունը վերսկսել մայիսի 18-ից, մինչև լիովին չապահովեն այդ կանոններով նախատեսված պահանջները, չեն կարող վերսկսել իրենց գործունեությունը»,- ասաց փոխնախարարը՝ շեշտելով, որ պարետի որոշմամբ՝ սահմանված կանոնների թերի կատարումը հիմք է, որ գործուենությունը սահմանափակված լինի:

Գործելու է նաև հանրային տրանսպորտը, բացվելու են նախկինում փակված առևտրի իրականացման բոլոր վայրերը, այդ թվում՝ մոլերը:
Նշենք, որ այսօր` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4044 դեպք, որոնցից 1666-ն` առողջացած, 52-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2304 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 37 476 թեստավորում: