Բավ է պառակտվել
24-10-2019 16:40

Գազի նոր գին այս տարի չենք ունենա․ Գարեգին Բաղրամյան

Այս տարի չենք կարող գազի նոր գին ունենալ՝ Բարձրավոլտ էլեկտրացանցեր ՓԲԸ-ի «Հաղթանակ» ենթակայանի բացման արարողությանը, լրագրողների հետ զրույցում, ասել է ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Հարցին՝ մինչև տարվա վերջ գազի գնի բարձրացման մասին կարո՞ղ է խոսք լինել, նա պատասխանել է, որ դա կախված է պայմանավորվածությունից. «Որովհետև մենք այսօր բանակցում ենք ավելի երկարաժամկետ քաղաքականություն ունենալու համար: Եթե պետք է գնանք մեկ տարվա սակագնի վերանայման, դա պետք է լինի հայտի ուսումնասիրության արդյունքում: Քանի որ արդեն նոյեմբերն է մոտենում, այս տարի չենք կարող նոր գին ունենալ»,-հավելեց ՀԾԿՀ նախագահը՝ նշելով, որ խոսքը 5-10 տարի ժամկետի մասին է:
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանից լրագրողները հարցրել են եթե որոշվի, որ գազի գինը պետք է բարձրացվի, կարգը ինչպես է, Բաղրամյանը նշել է․«Ըստ «Էներգետիկայի մասին» օրենքի՝ հայտը ներկայացնելուց հետո հանձնաժողովը 80 աշխատանքային օր ունի հայտը նայելու համար: Որոշումն ընդունելուց հետո էլ սակագներն ուժի մեջ են մտնում 30 օր հետո: Դա օրենքի պահանջն է»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ նոր ենթակայանը էներգետիկ համակարգին ի՞նչ կտա, Բաղրամյանը պատասխանեց, որ այսօր բացվող ենթակայանը ԲԷՑ հերթական ենթակայանն է, որի դեպքում էլ հիմնական վերազինումներն իրականացվում են դոնոր բանկերի՝ Համաշխարհային, Ասիական բանկերի պետության երաշխիքով վերցրած վարկերով:
Վերազինվող մյուս ենթակայանը, ըստ Բաղրամյանի, Ագարակ-Շինուհայրն է, ևս երկու ենթակայաններ են կառուցվում, մեկը՝ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի ընդհանուր ծրագրի շրջանակներում, մյուսը՝ Հայաստան-Վրաստան ուղղության վրա էլ: ՀԾԿՀ նախագահը նշեց՝ նոր ենթակայանն ավելի բարձր հուսալիություն է տալու էներգետիկ համակարգին, ավելի մեծ հոսքեր են կարողանալու տարանցել:

 

Արմինե Գևորգյան