Բավ է պառակտվել
11-07-2018 20:48

«Գազպրոմ Արմենիա»–ի դուստր ընկերությունը և այլ ընկերություններ խուսափել են շուրջ 750 մլն դրամի հարկերի վճարումից

Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է մի քանի գազալցման ընկերությունների, այդ թվում` «Գազպրոմ Արմենիա» դուստր ընկերության կողմից հարկերից խուսափելու դեպքեր, հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ՊԵԿ նախագահի հանձնարարագրերի հիման վրա, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավոտգազ» ՍՊ ընկերությունում, ինչպես նաև «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊ ընկերություններում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ այդ ընկերությունները 2016-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետևանքով խուսափել են համապատասխանաբար 58.700.000, 14.900.000, 168.400.000, 79.400.000, 53.000.000, 25.700.000 և 349.500.000 ՀՀ դրամի չափով հարկ վճարելուց:
Ընդհանուր առմամբ, այդ բոլոր ընկերությունները Հայաստանի պետբյուջե չեն վճարել շուրջ 750 միլիոն դրամի հարկ։

Նշվում է նաև, որ հուլիսի 10-ին ՊԵԿ քննչական, հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները համատեղ խուզարկություններ են իրականացրել նշված ընկերություններին պատկանող գազալցակայաններում, որտեղից հայտնաբերել են քրեական գործերով պարզաբանման ենթակա մի շարք հանգամանքներին վերաբերող հաշվապահական փաստաթղթեր, համակարգիչներ, տեսաձայնագրող սարքեր և այլն:

Քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հանցավոր արարքների (Հարկերից, տուրքերից կամ այլ պարտադիր վճարումներից խուսափելը) հատկանիշներով։