Բավ է պառակտվել
30-04-2019 20:05

ԵԱՏՄ-ն մտադիր է ազատ առևտրի գոտիներ ստեղծել յոթ ուղղությամբ․Տիգրան Սարգսյան

ԵԱՏՄ բարձրագույն խորհուրդը հանձնարարել է ԵՏՀ կոլեգիային մշակել, բանակցություններ վարել և պատրաստել յոթ ուղղությամբ ազատ առևտրի գոտիների ստեղծման համապատասխան փաստաթղթերը: Այս մասին հայտնել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստից հետո։

Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը կայացել է երեքշաբթի Երևանում։ Նիստին մասնակցել են ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները, ովքեր քննարկել են ինտեգրացիոն համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

“Մենք ունենք Վիետնամի հետ գործող համաձայնագիր, որն արդեն 2 տարի ցույց է տվել իր արդյունավետությունը, որովհետև Վիետնամի հետ առևտուրը տարեկան երկնիշ աճ է արձանագրում։ Ազատ առևտրի գոտու մեխանիզմն առևտրի ծավալի ավելացման իրական խթանիչ է հանդիսանում: Դա նշանակում է, որ միաժամանակ կա նաև տնտեսական աճի ներուժ, իսկ վիետնամական շուկան շատ մեծ է և դինամիկ զարգացող։ Այն հետաքրքիր է այդ թվում նաև հայաստանյան արտադրողների համար”,-ասել է Սարգսյանը:

Ըստ նրա, արդեն ժամանակավոր համաձայնագիր կա Իրանի հետ, որը կհանգեցնի ազատ առևտրի գոտւ ստեղծմանը։

“Գործնականում մեր բոլոր երկրներում այդ համաձայնագիրը վավերացվել է, Ղազախստանում այն արդեն գտնվում է նախագահի ստորագրության ներքո, ինչից հետո մեր իրանցի գործընկերները նույնպես կվավերացնեն, և այդ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի”,- ասել է նա։

Ինչպես նշել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ազատ առևտրի գոտու մասին հաջորդ համաձայնագիրը նախապատրաստված է Սերբիայի հետ։

“Այդ համաձայնագիրն ակտուալ է Հայաստանի և Ղրղզստանի համար, քանի որ երեք երկիր՝ Բելառուսը, Ռուսաստանը և Ղազախստանը, Սերբիայի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ունեն, իսկ հիմա անհրաժեշտ է արդեն համաձայնագիր ունենալ ողջ Եվրասիական միության համար: Մենք մոտ ենք այդ համաձայնագիրն ավարտին հասցնելուն”,-ասել է նա:

Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ այս փուլում մշակվում են Սինգապուրի, Հնդկաստանի, Եգիպտոսի և Իսրայելի հետ ազատ առևտրի գոտիներ ստեղծելու համաձայնագրերը։

Միաժամանակ, նա ընդգծել է, որ Իրանի հարցում կոլեգիան որոշակի խնդիրներ ունի, քանի որ բանակցությունների ժամանակ այդ երկրի դեմ պատժամիջոցների փաթեթ դեռևս չկար։

“Դա, իհարկե, որոշակի ճշգրտումներ կմտցնի տնտեսվարող սուբյեկտների համար, քանի որ լրջորեն ազդում է մեր իրանցի գործընկերների հետ առևտրի, գործարքների, ֆինանսական գործողությունների իրականացման տեխնոլոգիաների վրա: Բայց, միևնույն ժամանակ, պատժամիջոցները, որոնք կիրառվում են Իրանի նկատմամբ, մյուս կողմից՝ լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում և ամենից առաջ Հայաստանի համար։Մենք կարող ենք օգտվել մեր աշխարհագրական դիրքից և առաջարկել ապրանքաշրջանառության աճին նպաստող կոնկրետ գործիքակազմ, իրագործելով Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև կամրջի գործառույթը”,-ասել է նա։