Բավ է պառակտվել
18-04-2022 10:34

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը երկրում գնաճի տեմպերի ավելացում է կանխատեսում

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երկրում գնաճի տեմպերի ավելացում է կանխատեսում։

«Բյուջեի մասին օրենքով գնաճը պետք է կազմեր 4 տոկոս՝ ±1,5 տոկոս շեղումով, սակայն մարտի վերջին գնաճը հասել է 7,4 տոկոսի, հաջորդ ամիս, ամենայն հավանականությամբ, կրկին ավելի բարձր գնաճ կունենանք, քանի որ պարենային և էներգակիրների գները բարձրանում են»,- ասել է նա «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում։

Էկոնոմիկայի նախարարության ղեկավարը հիշեցրել է, որ երկրում արդեն իսկ բարձրացել են գազի և էլեկտրաէներգիայի սակագները, և նշել, որ դա բերում է այլ ապրանքների գների բարձրացման։

«ԿԲ-ն մարտին արդեն իսկ բարձրացրել է բազային տոկոսադրույքը 1,25% կետով՝ 8%-ից հասցնելով 9,25%-ի։ Այս գործիքը թույլ է տալիս պայքարել գնաճի դեմ, բայց նաև դանդաղեցնում է տնտեսությունը, ուստի կառավարությունն աջակցել է նոր սարքավորումների, հոսքագծերի ձեռքբերման համար վարկերի գրեթե ամբողջական սուբսիդավորումը»,- ասել է նա։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ Հայաստանի սպառողական շուկայում 2022 թվականի մարտին 2021 թվականի մարտի համեմատ 12-ամսյա գնաճը կազմել է 7,4%։

Հայաստանի տնտեսական աճը 2022 թվականի պետբյուջեում նախատեսված է 7%, իսկ գնաճը սահմանվել է 4% (± 1,5%)։ Կառավարությունը կանխատեսում է, որ 2022 թվականին երկրի տնտեսությունը կաճի 7 տոկոսով, իսկ Կենտրոնական բանկը մարտին վատթարացրել է 2022 թվականի համար երկրի տնտեսական աճի կանխատեսումը նախկին 5,3 տոկոսից մինչև 1,6 տոկոս։