Բավ է պառակտվել
19-12-2022 12:49

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը կնշանակվի փոխվարչապետ

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը կնշանակվի Հայաստանի փոխվարչապետի պաշտոնում, երկուշաբթի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հարցը քննարկել է նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

Նա ասաց նաև, որ ֆինանսների նախարար կնշանակվի ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանը։

Փաշինյանը նշեց, որ Անվտանգության խորհրդի նիստում քննարկվելու է հարցերի լայն շրջանակ, այդ թվում, անշուշտ, տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը։

Անվտանգության խորհրդի անդամներից բացի հանդիպմանը մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ինչպես նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը։

Համբարձում Մաթևոսյանը ազատվել է փոխվարչապետի պաշտոնից ՀՀ նախագահի այս տարվա դեկտեմբերի 12-ի հրամանագրով։ Նա այս պաշտոնին նշանակվել էր 2021 թվականի նոյեմբերի 25-ին։ Մինչ այդ նա երեք տարի եղել է Արմավիրի մարզպետ։

Տիգրան Խաչատրյանը ՀՀ ֆինանսների նախարար է նշանակվել 2021 թվականի օգոստոսի 3-ին։