Բավ է պառակտվել
06-03-2020 17:44

Պետությունը վաճառքի խնդիր ունեցող ավտոմեքենաների մասով անելիք չունի․ՊԵԿ նախագահ


Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն Ազգային ժողովի նիստում այսօր հայտարարեց, որ Հայաստան արդեն իսկ ներկրված և վաճառքի խնդիր ունեցող ավտոմեքենաների մասով պետությունն անելիք չունի:
Այս մասին Անանայանն ասաց ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավոր Վարդևան Գրիգորյանի հարցի, որ արտահանման նպատակով Հայաստան են ներմուծվել հազարավոր ավտոմեքենաներ, սակայն ԵԱՏՄ կարգավորումներով պայմանավորված` բախվել են խնդրի:
Պատգամավորը նշել էր,որ հազարավոր մեքենաներ են ներկրվել ու կարգի փոփոխության պատճառով դրանք մնացել են Հանրապետությունում։
«Հասկանալի էր, որ դրանք ներկրում էին ոչ միայն ներքին շուկայի համար: Շատ դեպքերում, իրենց մեղքով չէ, որ ավելի ուշ այդ մեքենաները հասան Հայաստան, և չկարողացան դրանք վաճառել, շատերը մեծ գումարներ են վերցրել վարկերի տեսքով, կա՞ն որոշ միջոցառումներ, որ թեթևացնեն մեքենաներ ներկրողների վիճակը և բանկերի տոկոսներից դուրս գան»,- հետաքրքրվել է պատգամավորը:
Դավիթ Անանյանը նշել է, որ հարցն ուներ երեք բաղադրիչ:
«Եթե համաձայնագրից խոսենք, 10 ապրանքների շարքում մեքենաներ չկան, եղած իրավիճակից ելնելով` արդեն ներկրված մեքենաների հարցում պետությունն արդյո՞ք անելիք ունի, կարծում եմ, որ պետությունն անելիք չունի: Իսկ այն մեքենաները, որ չեն հասցրել ներկրել, կան այդպիսի մեքենաներ` 800-1000-ն են տարբեր գնահատականներով, որ ժամկետները անցել են դեկտեմբերի 31-ի, նախնական հայտարարագրի ինստիտուտից չեն հասցրել ներկրել, այստեղ պետությունը որոշակի բանակցություններ է վարում ԵԱՏՄ շրջանակներում, չունեմ լիազորություն ասելու այդ մասին, համ էլ չունեմ տեղեկություններ՝ ասելու, թե որ փուլ են հասել, պետությունը կառուցողական պարտականություն ունի, որը փորձում ենք իրականացնել»,- պատասխանել է Անանյանը:
Պատգամավորը նշեց,որ հիմա՝ կարգի փոփոխությունից հետո, նրանք չեն կարողանում դրանք վաճառել Հայաստանից դուրս։ Իսկ արդյո՞ք պետությունը քաղաքացիներին օգնելու հարցում քայլեր չի կարող ձեռնարկել, որքան էլ դե ֆակտո պարտավորություն չունի:
«Մենք կարող ենք ուղղակի խորհրդատվական հարթակներով օժանդակենք, որպեսզի այլ երկրներում իրավական կամ ոչ իրավական երևույթներում խոչընդոտներ չստեղծվեն, ԵԱՏՄ մյուս անդամ երկրների հետ բանակցություններ վարենք, որ երկրի ներքին կարգավորումներում սուվերեն իրավունքն իրականացնելիս վերպետական հակասություն չլինի, որը մեր քաղաքացիներին կվնասի»,- պատասխանել է ՊԵԿ նախագահը:
Ի դեպ այս տարվա հունվարից Ղազախստանի իշխանությունների կիրառած սահմանափակումների պատճառով ավտոմեքենաների վաճառքը Հայաստանում կտրուկ դանդաղել է: Խնդիրը Հայաստանի առաջարկով քննարկվելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում:

ՊԵԿ նախագահը, սակայն, տեղեկություն չհայտնեց բանակցությունների վերաբերյալ: «Լիազորված չեմ որևէ բան ասելու: Բացի դրանից, վերջնական տեղեկություն չունեմ այն մասին, թե բանակցությունները որ փուլ են հասել: Ամեն դեպքում մենք այդտեղ որոշակի կառուցողական պարտականություն ունենք, որը փորձում ենք իրականացնել»,- ասաց նա:
Հայաստանում 2019-ին Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու արտոնյալ ռեժիմով պայմանավորված՝ ավտոներկրման բում է գրանցվել: Ոլորտում ներգրավված հայաստանցիների թիվը ոչ պաշտոնական տվյլաներով հասել է 20 000-ի: 2018-ի համեմատ՝ 2019-ին Հայաստան է ներկրվել շուրջ երեք անգամ ավելի ավտոմեքենա՝ 189 000։ Այդ մեքենաների հիմնական շուկան Ղազախստանն էր։

 

 

Արմինե Գևորգյան