Բավ է պառակտվել
18-08-2022 16:05

Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիները փորձել են մաքսանենգ ճանապարհով 225կգ ոսկի արտահանել Դուբայ

Վնուկովոյի մաքսատան աշխատակիցները կասեցրել են Հայաստանի և Ռուսաստանի մի խումբ քաղաքացիների՝ մոտ 800 մլն ռուբլի արժողությամբ 225 կգ ոսկի Դուբայ տանելու փորձը։

Ինչպես հայտնում է ՌԴ Դաշնային մաքսային ծառայության կայքը, վեց առաքիչ փորձել են դուրս բերել ոսկու ստանդարտացված 45 ձուլակտոր։ Երեք հոգուց բաղկացած առաջին խումբը պետք է թռչեր Երևան՝ ուղեբեռում և ձեռքի ուղեբեռում ոսկու ձուլակտորներով։ Ուղղությունը պատահական չէր ընտրվել․ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ է, և ուղևորների մաքսային ստուգում չի կատարվում։

Փոխադրողների երկրորդ խումբը մեկնելու էր Դուբայ (ԱՄԷ), և որպես զբոսաշրջիկ դատարկ ճամպրուկներով անցել էր մաքսային հսկողության գոտին։։

Մաքսային և սահմանային հսկողություն անցնելուց հետո հանցակիցները հանդիպել են օդանավակայանի չեզոք գոտում։ Նախքան ինքնաթիռ նստելը, նրանք փոխանակել են ձեռքի ուղեբեռը՝ ոսկու ձուլակտորները Դուբայ տանելու նպատակով։ Թանկարժեք բեռով չարագործներին ինքնաթիռ նստելուց հետո ձերբակալել են Վնուկովոյի մաքսատան աշխատակիցները։

Բոլոր ձուլակտորների վրա առկա էին պարտադիր նշանները՝ սերիական համարները, դրոշմը, տպատառերը և մետաղի որակը հաստատող արդյունաբերական հարգը։

Ինչպես նշել են ԱԴԾ-ում, այս պահին ՀՀ քաղաքացիները ձերբակալված են, ռուսաստանցիների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելու մասին ստորագրությունը։ Հարուցվել է 3 քրեական գործ՝ ՌԴ ՔՕ մի շարք հոդվածների՝ «ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների մաքսանենգություն», «նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների մաքսանենգություն» հատկանիշներով, կատարվում է հետաքննություն։