Բավ է պառակտվել
19-05-2019 15:38

Խոզապուխտի գործարան, 3000 ոչ գյուղատնտեսական աշխատատեղեր. խոստանում է Տավուշի մարզպետը

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը պաշտոնավարման 100 օրն ամփոփում է ոչ թե մարզպետարանում, այլ Տավուշի մարզի Ենոքավան համայքնում: Ասում է, որ այս տարածքից երևում է Տավուշն իր ամբողջ գեղեցկությամբ:

100 օրվա ամփոփումը մարզպետը սկսում է ներդրումային ծրագրերից: Այսպիսով Տավուշի մարզի Նավուր գյուղում առաջիկա մեկ ամսում կգործարկվի խոզապուխտի արտադրության գործարան և այն հնարավորություն կտա շրջակայքի գյուղացիական տնտեսություններին ավելացնել իրենց արտադրական հնարավորությունները:

«Առաջիկա 1 ամսվա մեջ գործարկվելու է մսի վերամշակման՝ խոզապուխտի գործարան: Արդեն իրականացվում են սարքավորումների տեղադրման աշխատանքները: Այս փուլում մեծ արտադրամաս չի լինելու, ապահովվելու է շուրջ 50 հոգու զբաղվածություն։ Այն լինելու է մթերման կետ»,- ասաց մարզպետը։

Բացի այս աշխատեղերից, այս տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել ավելի քան 3000 ոչ գյուղատնտեսական աշխատատեղ: Այն վերաբերվելու է գյուղվերամշակման արտադրամասերին:

«Շուտով մենք Նոյեմբերյանում ունենալու ենք ամենախոշոր կաթի վերամշակման արտադրամասը: Երկրորդը թեթև արդյունաբերության ուղղությունն է: Նախատեսվում է մոտավորապես եռապատկել այն արտադրական հնարավորությունները, որ այսօր կան: Իսկ երրորդ ուղղությունը, որտեղ կստեղծվեն աշխատատեղեր, զբոսաշրջությունն է»,- ասաց մարզպետը:

 

Արմինե Գևորգյան