Բավ է պառակտվել
21-07-2018 19:52

Գյումրիում ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ մեկնարկած ճանապարհաշինության հենց սկզբում խնդիրներ են առաջացել

Գյումրիում Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ մեկնարկած փողոցների շինարարական աշխատանքներում արդեն խնդիրներ են ի հայտ եկել: «Կումայրի» պատմական միջուկն ընդգրկող 4 փողոցներում ողջ կոմունիկացիան ստորգետնյա է: Հենց դա էլ շինարարի համար խնդիր է դարձել:

Պարզվում է՝ կոմունիկացիաներն անցկացվել են այն նախագծի շեղմամբ, որով այժմ առաջնորդվում են շինարարները: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը հատուկ խորհրդակցություն էր հրավիրել՝ հասկանալու, թե ինչպես են լուծելու ծագած խնդիրները: Բալասանյանն ասաց, որ «թերությունները շատ են»:

Արդեն մոտ 15 կմ երկարությամբ մալուխ է անցկացվել, նաև կապի օպերատորներն են օգտվել ՀԷՑ-ի անցկացրած ցանցից: Շինարարական աշխատանքների մեկնարկին, երբ պարզվել է, որ հողի ավելի մեծ շերտ է հեռացվելու, շինարարը կանգնել է խնդրի առաջ: Այսօր բանավեճ ծավալվեց քաղաքապետարանի տեխնիկական վերահսկողի և ՀԷՑ-ի ներկայացուցչի միջև: Քաղաքապետն ասաց, որ խիստ վերահսկողություն է լինելու: Պատրաստ է նույնիսկ «ջերմաչափով փողոցից փողոց շրջել»՝ ասֆալտի ջերմաստիճանը ստուգելու համար, որ հետագայում իրենց չմեղադրեն «անորակ շինարարության ու գումարներ մսխելու մեջ»: Նշենք, որ փողոցների շինարարությունը վերահսկող կոլեգիալ մարմին է ստեղծվել, որը գլխավորելու է ավագանու ընդդիմադիր անդամ Լևոն Բարսեղյանը։

«Հայաստանի էլեկտրական ցանցերի» ներկայացուցիչ Կարապետ Հարությունյանն էլ ասաց, որ իրենք մալուխներն անցկացրել են այն խորությամբ, որով իրենց առաջադրանք է տրվել: Հավելեց՝ նորն անցկացնել հնարավոր չէ:

Գյումրիի պատմական միջուկի փողոցների շինարարությունը նախատեսվում էր ավարտել մինչև այս տարվա դեկտեմբերի 7-ը՝ 1988-ի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցը։ Սակայն Շիրազի փողոցում մինչ օրս բացի կոմունիկացիաների անցկացումից ուրիշ աշխատանք չի արվել։

ՎԶԵԲ-ի տրամադրած 23,8 մլն եվրո ֆինանսավորման շրջանակներում, բացի «Կումայրի» արգելոցն ընդգրկող փողոցներից, վերանորոգվում են մի քանի այլ փողոցներ ևս։ Ըստ ծրագրի, 36 ամիս անց Գյումրիի ընդհանուր առմամբ մոտ 30 կմ երկարությամբ ճանապարհներ պետք է հիմնովին վերանորոգված ու լուսավորված լինեն։