Բավ է պառակտվել
10-07-2018 22:11

Հայաստանը կհրաժարվի մեկանգամյա օգտագործման պլաստիկից

Հայաստանը մեկանգամյա օգտագործման պլաստիկից հրաժարվելու ծրագիր կգործարկի, երեքշաբթի լրագրողներին ասաց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։

«Հայաստանում նախաձեռնում ենք մեկանգամյա պլաստիկն արգելող գործընթաց, որը մեկնարկում է մեկ համայնքում, ինչից հետո կտարածվի մարզում և կարծում եմ, որ որոշ ժամանակ անց Հայաստանը կմիանա այն երկրների թվին, որտեղ մեկանգամյա պլաստիկի օգտագործումն արգելված է», – ասաց Գրիգորյանը։

Նախարարը նաև նշեց, որ աշխարհի շատ երկրներում սկսում են արգելել մեկանգամյա պլաստիկի օգտագործումը, և նրա անձնական գնահատականներով` առաջիկա 5–10 տարում այն կարգելվի ողջ աշխարհում։

Նա նշեց, որ Հայաստանն այս պահին չի կարող ներդնել գլոբալ արգելք, սակայն սկսում է գործընթացը մեկ համայնքում։

«Ծրագրի շրջանակում մենք բոլոր բնակիչներին կբաժանենք կտորից տոպրակներ, կկազմակերպենք մի շարք միջոցառումներ, այդ թվում` կգործարկենք պլաստիկե շշերի վերամշակման գործընթաց», – ասաց Գրիգորյանը։

Միաժամանակ նախարարն ընդգծեց, որ այս պահին Կապանում արդեն իրականացվում է նմանատիպ դրամաշնորհային ծրագիր, այդ թվում` ուղղված պլաստիկի վերամշակմանը։

Ինչ վերաբերում է ծրագրի ֆինանսավորման հարցին, ապա խնդիրներ չպետք է առաջանան, քանի որ բնապահպանության ոլորտում կան բազմաթիվ միջազգային գործընկերներ, որոնք պարտաստ են աջակցել նմանատիպ նախաձեռնություններին։

«Ամեն դեպքում, մենք այդ ծրագրի վրա պետբյուջեից միջոցներ չենք ծախսվի, այս հարցում Բնապահպանության նախարարությունն ունի բավականին ֆինանսավորում», – ասաց նախարարը։