Բավ է պառակտվել
09-09-2020 16:20

Բողոքի ցույցեր Երևանում՝ մաքսազերծման գների 3,5 անգամ բարձրացման կապակցությամբ

Չորեքշաբթի օրը Հայաստանում միաժամանակ տեղի ունեցավ երկու բողոքի ակցիա՝ կապված ներմուծվող հագուստի մաքսային ձևակերպումների կանոնների նոր փոփոխությունների հետ: Հագուստ ներկրողներն ու վաճառողները ակցիա անցկացրեցին նախ Կառավարության, այնուհետև՝ Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) առջև:

Դժգոհության առիթ է հանդիսացել Հայաստանում հագուստի մաքսատուրքերի հաշվարկման նոր համակարգ ներմուծելու որոշումը, համաձայն որի վճարի չափը կախված կլինի ապրանքի արժեքից: Ավելին, ձեռներեցները բողոքում են, որ իրենք փոփոխված կանոնների մասին չեն տեղեկացվել պահանջվող կարգով, և, փաստորեն, տուրքերի բարձրացման մասին իմացել են «ԿԱՐԳՈ» ընկերության սեփականատիրոջից:

Ակցիայի մասնակիցներից Լիլյա Մարդոյանն ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ փոքր ու միջին ձեռնարկատերերի համար հագուստը կմաքսազերծվի մեկ կիլոգրամի համար 3,25 դոլար դրույքաչափով, բայց փաստացի վճարումները 3,5 անգամ ավելի բարձր են:

«Հիմա մեկ կիլոգրամի արժեքը 11 դոլար է: Մենք պահանջում ենք պահպանել արտոնություններն առնվազն մինչև այս ճգնաժամից դուրս գալը: Անձամբ ես արդեն պատրաստվում եմ լուծարել իմ խանութը, քանի որ մենք աշխատում ենք առանց շահույթի և անգամ վնասով: Մենք կործանման եզրին ենք», - ասաց նա, նշելով, որ առևտրի ծավալները նվազել են երեք, իսկ ներմուծումը՝ 10 անգամ:

Գործարարն ասաց, որ յուրաքանչյուր խանութի փակմամբ առնվազն 5-15 աշխատատեղ է վերանում։

Այդպես էլ չարժանանալով կառավարության անդամների որևէ արձագանքին ցուցարարները շարժվեցին դեպի ՊԵկ, որտեղ շարունակեցին իրենց բողոքի ակցիան։ Որոշ ժամանակ անց բողոքողների մոտ դուրս եկավ ՊԵԿ- ի մամլո քարտուղար Լուսինե Մկրտչյանը և հայտնեց, Արարատի մաքսային վարչության ղեկավարությունը պատրաստ է հանդիպել նրանց հետ:

Դրանից հետո քաղաքացիները գնացին հանդիպման:

ՊԵԿ-ի պաշտոնական պատասխանը

Բողոքի ակցիաներին զուգահեռ Հայաստանի ՊեԿ-ը տարածել է մամլո հաղորդագրություն, որում ասվում է, որ ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը և մաքսային վարչության պետ Կարեն Բաբայանը քաղաքացիների հետ հանդիպել են դեռևս նախորդ օրը մաքսային պահեստը կատարած ստուգայցի ժամանակ:

«Մոտ 30 րոպե տևած հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տնտեսվարող սուբյեկտները ի մի կբերեն բոլոր խնդիրները, որոնք կքննարկվեն հաջորդ օրը աշխատանքային խորհրդակցության ընթացքում: Սակայն քիչ անց քաղաքացիները հայտարարեցին, որ հրաժարվում են աշխատանքային հանդիպում ունենալուց և փոխարենը նախընտրում են բողոքի ցույց անցկացնել կառավարության շենքի մոտ», - ասված է հայտարարության մեջ:

ՊԵԿ-ը մեկ անգամ ևս հորդորել է ամփոփել բոլոր խնդիրները և համատեղ աշխատել հնարավոր լուծումներ գտնելու ուղղությամբ: