Բավ է պառակտվել
01-11-2022 15:11

Իրանը 2023 թվականի գարնանը կսկսի Քաջարանի 7,2 կմ երկարությամբ թունելի շինարարությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 1-ին Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ, գրել է Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում։

Ըստ նրա, հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

«Մասնավորապես, կարևորել եմ իրանական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում ընթացող շինարարական պրոցեսներին, մրցութային գործընթացներին։ Քննարկել ենք նաև Քաջարանի թունելի կառուցման հարցը։ Անդրադարձել եմ նաև Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական մեծածավալ աշխատանքներին, ինչն առաջիկայում թույլ կտա մեծացնել Իրանից եկող բեռնափոխադրումների ծավալները։ Կարևորել ենք ոլորտում համագործակցությունը, կարողությունների հզորացման ուղղությամբ տարվող աշխատանքները», - գրել է Սանոսյանը։

ISNA-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում որոշվել է ստեղծել և զարգացնել Հայաստանից Պարսից ծոց տանող Հյուսիս-Հարավ տարանցիկ միջանցք։ Որոշում է ընդունվել նաև իրանական ընկերությունների կողմից 2023 թվականի գարնանը սկսել Քաջարանի 7,2 կմ երկարությամբ թունելի շինարարությունը։

«Նորդուզից Վերզեգան և Թավրիզ նոր Հյուսիս-Հարավ միջանցքի ստեղծմամբ կբարելավվեն ապրանքների տեղաշարժը և տարանցիկ հնարավորությունները Իրանի և Հայաստանի համար։ Այս երթուղին կարող է սպասարկել տարանցման զգալի ծավալ։ Այս երթուղու առանձնահատկություններից է ճանապարհի երկարության և ժամանակի զգալի կրճատումը»,- հանդիպումից հետո ասել է Ղասեմին։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ կառավարությունը մտադիր է մոտ 1 մլրդ դոլար ծախսել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման վրա։