Բավ է պառակտվել
10-06-2019 17:00

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ հետ ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիրը

Իրանի խորհրդարանը (մեջլիսը) վավերացրել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի միջև ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագրի մասին օրենքն։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է Icana գործակալությունը։

2018 թվականի մայիսի 17-ին Եվրասիական տնտեսական միությունը և Իրանը ստորագրել են ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին ժամանակավոր համաձայնագիրը, որը կոչված է մեծացնել երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը՝ մաքսային ռեժիմի թեթևացման շնորհիվ։ Մեջլիսի կողմից վավերացված օրենքում, մասնավորապես, ամրագրված են ներկրման-արտահանման գործարքների արտոնյալ հարկային ռեժիմի և այն ապրանքների ցանկի ձևավորման դրույթները, որոնց վրա տարածվում են իջեցված մաքսային տուրքերը։

ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որի անդամ են հանդիսանում Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը և Ղրղզստանը։ Միությունն իր աշխատանքը սկսել է 2015թ․հունվարի 1-ին։