Բավ է պառակտվել
24-05-2021 09:33

Ի՞նչ անել աշխատավարձերի հետ, երբ գները բարձրանում են. Հայաստանում հիշեցրել են «մեռած» օրենքի մասին

Դեռևս 2004 թ.-ին Հայաստանի Աշխատանքային օրենսգրքում ամրագրվել է գնաճին համապատասխան աշխատավարձերի ինդեքսավորման մասին կետը: Բայց անցել է գրեթե 20 տարի, իսկ այս պահանջը չի կատարվում:

Հայաստանում վերջին ամիսներին գների բարձրացման պատճառով աշխատավարձով հնարավոր է ավելի քիչ բան գնել, քան նախկինում: Այժմ շատերին ավելի դժվար է իրենց թույլ տալ գնել անգամ առաջին անհրաժեշտության ապրանքները: Հայաստանի աշխատանքային օրենսգիրքում ամրագրված է օրենքով սահմանված կարգով աշխատավարձերի ինդեքսավորման վերաբերյալ պահանջը (հոդված 182): Օրենսգիրքն ընդունվել է 2004 թվականին, բայց այդ ժամանակվանից ի վեր «սահմանված կարգը» չի ընդունվել:

Սահմանված չէ նաև, թե ինչպես պետք է նվազագույն աշխատավարձը փոխկապակցվի նվազագույն անհրաժեշտ ապրանքների փաթեթի հետ: Միևնույն ժամանակ, 2004 թ.-ին ընդունվել էր «նվազագույն սպառողական զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» հատուկ օրենքը, որը վերածվեց հերթական ֆիկցիայի։ Օրենքը նախատեսում էր, որ Հայաստանի կառավարությունը պետք է սահմանի դրա հաշվարկման մեթոդները, ինչը մինչ այժմ այդպես էլ չի արվել:

«Այս տարիների ընթացքում մենք անընդհատ բարձարաձայնում ենք հարցը: Դա ոչ թե մեր ցանկությունն է, այլ միջազգային իրավական նորմ, որն ընդունվել է Հայաստանում փաստաթղթի տեսքով»,- նշում է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Բորիս Խառատյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում:

Ռուսաստանում և Արևմտյան Եվրոպայի շատ երկրներում ինդեքսավորումը կանոնավոր կատարվում է: Օրինակ, Ֆրանսիայում, երբ գնաճը գերազանցում է 2%-ը՝ աշխատավարձերն ավտոմատ կերպով բարձրանում են:

Հայաստանում նման կարգի մեխանիզմներ չեն կիրառվել և չեն կիրառվում: Միայն որոշ ձեռնարկություններում ներքին հրահանգով սահմանված է պաշտոնական 68 հազար դրամը գերազանցող նվազագույն աշխատավարձ, բայց այստեղ նույնպես գործնականում ոչ ոք չի կատարում աշխատավարձերի հետևողական ինդեքսավորում, հավելում է Խառատյանը:

Նշենք, որ 2021 թվականի մարտի դրությամբ Հայաստանում միջին աշխատավարձը կազմում է 198,1 հազար դրամ, կամ, հարկերը հանելուց հետո՝ 152,6 հազար դրամ (մոտ 290 դոլար): Տարվա ընթացքում այն աճել է 3% -ով:

Կենսապահովման նվազագույն բյուջեն, որը ոչ պաշտոնապես հաշվարկում է վիճակագրության ազգային կոմիտեն (Առողջապահության նախարարության մեթոդաբանության հիման վրա), առաջին եռամսյակի վերջում մեկ անձի համար կազմում է 66,6 հազար դրամ (մոտ $ 130): Տարվա ընթացքում դրա արժեքն աճել է 7,8% -ով (մի փոքր ավելի արագ, քան ընդհանուր ինֆլյացիան, որն աճել է 5,8 տոկոս)։