Բավ է պառակտվել
04-07-2019 23:30

Ի՞Նչ կապ ունի Պուտինի այցը գազի գնի հետ

<<Գազպրոմ Արմենիային>> տուգանելը սակագնի շուրջ բանակցությունների հետ կապ չունի: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Հիշեցնենք, որ <<Գազպրոմ Արմենիա>>-ի խնայողությունների հաշվին հայաստանցի սպառողները գազը ստանում են նախկին 150 դոլարով, բայց ռուսական <<Գազպրոմ >> -ի հետ Հայաստանի պայմանագրի ժամկետի ավարտին՝ 2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանը ռուսական գազը ստանում է 1000 խորանարդ մետրի դիմաց 165 դոլարով՝ 15 դոլարով թանկ նախկինից:
Բաղրամյանը ասում է, որ չի կարող վստահեցնել՝ գազի գնի նման կարգավիճակը կշարունակվի՞ նաև 2020 թվականին, թե՞ ոչ, քանի որ պարզ չէ նաև, թե սահմանում գազի ինչ գին կունենանք:
Դիտարկմանը՝ բանակցությունները բավական տևական ժամանակ է՝ շարունակվում են, կարծիք կա, որ սպասում եք Պուտինի Հայաստան այցին, և հենց այդ ժամանակ խնդիրը վերջնականապես կլուծվի, Բաղրամյանն արձագանքեց, որ բանակցությունները մի քանի փուլով են ընթանում:
<<Ներքին շուկայի սակագների վերաբերյալ բանակցությունները որևիցե կապ չունեն ՌԴ նախագահի այցի հետ, բայց սահմանին գազի գնի ձևավորման հարցը կարելի է կապել նրա այցի հետ>>,- նշեց նա:
Հարցին թե մամուլը գրում է, որ ռուսական կողմը համաձայն չէ որևէ զիջման, առավել ևս՝ գնի նվազեցման, Բաղրամյանը արձագանքեց. <<Քանի որ բանակցությունները որևիցե կողմ չի ասել, որ ավարտված են, չեմ կարծում, որ որևիցե վերջնական լուծում արդեն կա։ Մամուլը ընդամենը ենթադրություններ է անում: Այս պահին գնի վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, քանի որ դա կախված է բանակցություններից ու դրանց ավարտից»:
Հարցին՝ որքա՞ն ժամանակ <<Գազպրոմը>> կկարողանա սուբսիդավորել սակագինը, ՀԾԿՀ նախագահն ասաց, որ «Գազպրոմը չի սուբսիդավորում, ընդամենն իր խնայողությունների հաշվին է, որ չի դիմել հանձնաժողովին սակագին փոխելու հայտով. <<2019 թվականին, կարծում եմ՝ չի դիմի, իսկ 2020 թվականի համար մենք նույնիսկ չունենք սահմանին գազի գնի մեծություն>>:
Բաղրամյանը բանակցությունների ավարտի հարցում հորդորեց չշտապել, քանի որ բավականին բարդ ու ծավալուն թեմա է բանակցվում:

 

Արմինե Գևորգյան