Բավ է պառակտվել
17-06-2020 14:49

Կարանտինը հայտարարված է քաղաքականության համար - Բագրատյան

Հայաստանն աշխարհում ամենացածր տոկոսն ունի կորոնավիրուսից բուժվածների, «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ–տնտեսական հետևանքները» խորագրով քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը։

«Այսօր այդ թիվը կազմում է 37.2 տոկոս։ Ո՞վ է այս մարդկանց բերել իշխանության, ո՞վ է պատասխան տալու այս վիճակի համար։ 4-րդ ամիսն է՝ արտակարգ դրություն է հայտարարված, ինչի՞ համար է հայտարարված արտակարգ դրություն, եթե կարանտին չկա։ Միայն քաղաքականության համար, որպեսզի քաղաքական ելույթներ չլինեն համակարգի դեմ։ Չէր կարելի այսքան իջնել», - հայտարարեց Հրանտ Բագրատյանը։

Տնտեսագետն ասաց, թե Հայաստանում իրավիճակն իրեն հիշեցնում է Մուսոլինիի շրջանը Իտալիայում՝ 1918-1944 թվականները։

Քննարկմանը ներկա տնտեսագետ ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ  Պատասխանատվության փոխարեն մենք տեսնում ենք անընդհատ հասարակության ուշադրության շեղման գործողություններ։

«Չի կարող երկիրը զարգացում ունենալ, եթե իշխանության մերժողական, արհամարհական վարքագիծը շարունակի պահպանվել։ Իսկ արտակարգ դրության երկարացում՝ որևէ կոնկրետ սոցիալ-տնտեսական և համավարակի դեմ պայքարի ծրագրի բացակայությամբ, փոխարենը տեսնում ենք քաղաքական իրավունքների զանգվածային ոտնահարում, քաղաքական համակարգի ոչնչացմանն ուղղված գործողություններ», - ասաց Արծվիկ Մինասյանը։

Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ նկատում է, որ  խաղաղ հավաքների իրավունքը՝ որպես իրավունք, ընդհանրապես համարվում է իրավունքի թագուհիներից մեկը,բայց Հայաստանի իշխանությունները ավելորդ, անհամաչափ սահմանափակումներ են մտցրել։

«Արգելանքն օգտագործում են՝ հակառակորդներին ճնշելու, քաղաքական հաշվեհարդար տեսնելու համար, իսկ հավաքների արգելումը ոստիկանական ուժերով ավելի սաստկացնում է համավարակի տարածումը»,–ասաց Իշխանյանը։

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը նշեց, որ  տարիներ առաջ հենց Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ եթե հավաքը կրում է խաղաղ բնույթ, ապա ոստիկանությունը պարտավոր է ապահովել հավաքի անվտանգությունը: «Սա հանդուրժման սկզբունքն է, եթե հավաքը խաղաղ է, պետությունը չի կարող ցրել, քաշքշել, տանել: Ես այս երեսպաշտության վրա իսկապես զարմացած եմ: Նույն մարդիկ էին: Պետությունը թող խաղաղ հավաքի ավարտից հետո պատասխանատվության ենթարկի անձանց, եթե կան դրա հիմքերը»,-ասաց իրավապաշտպանը:

Նրա խոսքով՝ խաղաղ հավաքները ցրելու ժամանակ համաճարակի անունը տալով՝ էլ ավելի են մեծացնում համաճարակի վտանգը. «Հանդուրժման սկզբունքը պահանջում է, որ ոստիկանությունը ոչ միայն ձեռնպահ մնա հավաքին միջամտելուց, այլև կոնկրետ գործողություններով ապահովի հավաքի անվտանգությունը: Այսօր՝ կորոնավիրուսի պայմաններում, դա նշանակում է ոչ միայն, օրինակ, սադրիչներին հեռացնել, այլև ստեղծել սոցիալական հեռավորության հնարավորություն»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։  

 

 

 

Արմինե Գևորգյան