Բավ է պառակտվել
28-06-2018 19:18

Կառավարությունը չընդունեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագիծը

Կառավարությունն այսօրվա՝ հունիսի 28-ի իր նիստում հավանություն Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ ենթադրող չտվեց «Ծառուկյան» խմբակցության մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը, որով գործատուին հնարավորություն է տրվում աշխատողի հետ լուծելու աշխատանքային պայմանագիրը, նախքան դրա ժամկետը լրանալը, եթե վերջինս առանց հարգելի պատճառի չի կատարել իր պարտականությունները:

Հարցը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, ով նշեց, որ ըստ հիմնավորման՝ առաջարկվող նախագծի նպատակն է՝ ապահովել, որ աշխատանքային պայմանագիրը հնարավոր լինի լուծել ոչ միայն աշխատողի կողմից ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքի վայր չներկայանալու, այլեւ ներկայանալու դեպքում աշխատանքային պարտականությունների կատարմանը ձեռնամուխ չլինելու դեպքում:

Ըստ էության, աշխատանքի վայր չներկայանալը եւ աշխատանքի վայր ներկայանալու դեպքում աշխատանքային պարտականությունների կատարումից իսպառ հրաժարվելը վարքագծի նույն ծանրության դրսեւորումներ են, եւ օրենքը պետք է նույնանման վերաբերմունք ունենա այդ դրսեւորումների նկատմամբ:

Թանդիլյանը նշեց, որ կառավարությունը առաջարկում է օրենքի նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ, քանի որ նախագծի ընդունումը համարում է ոչ նպատակահարմար: «Այս հարցը քննարկվել է սոցիալական կոմիտեի նիստում, եւ ընդհանուր կարծիք է եղել, որ այլ ձեւակերպմամբ այս կարգավորումը կա»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այս օրերին Աշխատանքային օրենսգրքի ամբողջական փաթեթը քննարկման փուլում է: