Բավ է պառակտվել
07-07-2018 07:38

ԿԲ-ն ուսումնասիրում է ՀՀ մուտք գործելու մասին հայտարարած շվեյցարական «Բանկը» օրինականությունը, որը լիցենզիա չունի

Շվեյցարական Swissquote bank-ը Հայաստանում գործելու լիցենզիա չունի, Կենտրոնական բանկը նման «բանկ» կամ ֆինանսական կազմակերպություն չի լիցենզավորել։ Այս մասին նշեց Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Կբեյանը՝ անդրադառնալով օրերս տեղի ունեցած միջոցառմանը, որի ժամանակ հայտարարվել է, որ հայաստանյան շուկա է մուտք գործում Շվեյցարական Swissquote bank-ը։ Նրա խոսքով, այդ «բանկով» արդեն պետք է զբաղվեն իրավապահները։

Հատկանշական է, որ միջոցառմանը մասնակցել է նաեւ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։

Իր հերթին, ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը հայտարարել է, որ այս պահին Կենտրոնական բանկում ուսումնասիրություններ են իրականացվում այս «բանկ»-ի Հայաստանում գործունեության օրինականության վերաբերյալ: Վարուժան Ավետիքյանը ՀՀ քաղաքացիներին կոչ է արել զգույշ լինել. «Հին ու «բարի» ֆորեքս մեքենայության սխեմա է սա: Financial Trading House կոչվող կազմակերպությունը գովազդում է Հայաստանում բանկային լիցենզիա չունեցող կազմակերպության online և robo-trading ծառայությունները` խոստանալով Ձեր համար բացել առևտրային հաշիվներ և դրանց վրա ներդրված գումարներից` եկամուտներ: Նման գործունեությունը անօրինական է: Հեռու մնացեք, ասեք ու տարածեք Ձեր ընկերներին, որ պետք է հեռու մնան Financial Trading House-ից»։

Հիշեցնենք՝ հուլիսի 3-ին տեղի ունեցած միջոցառման ժամանակ հայտարարվել էր, որ Հայաստանում Swissquote bank-ը գործելու է FTH (Financial trading house) միջնորդական ընկերության միջոցով, որն առաջարկում է ծառայություններ գործակալի ֆինանսական շուկայում, մասնավորապես` Swissquote առցանց–բանկում հաշիվ բացելու միջնորդ է հանդիսանում։