Բավ է պառակտվել
21-11-2018 17:24

Չինաստանը պատրաստ է կիսվել իր տնտեսական “հրաշքով” Հայաստանի հետ

Չինաստանը պատրաստ է կիսվել բարեփոխումների և բացության քաղաքականության իր փորձով Հայաստանի հետ, միջազգային գիտաժողովի շրջանակներում ասել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը լրագրողներին չորեքշաբթի օրը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Gisher.News-ը, Երևանում կայացել է “Չինաստանի բարեփոխումների և բացության քաղաքականության 40 տարին․զարգացում և հնարավորություններ” միջազգային գիտաժողովը։

Գիտաժողովը նվիրված է Չինաստանի ժողովրդական հանրապետության բարեփոխումների և բացության քաղաքականության 40-ամյակին, ինչի շնորհիվ երկիրը դարձել է առաջատար համաշխարհային տերություն։ Զարգացման նոր ուղին կյանքի է կոչվել 1978թ․համաշխարհային մեծության ականավոր պետական գործիչ Դեն Սյաոպինի կողմից։ “Չինական առանձնահատկություններով սոցիալիզմ” ստեղծելուն ուղղված տնտեսական բարեփոխումները շարունակվում են մինչ օրս։

“Այս տարի մենք նշում ենք բարեփոխումների և բացության քաղաքականության 40-ամյակը, մեր երկրի համար այս իրադարձությունը մեծ նշանակություն ունի, և կարելի է ասել, որ այն փոխել է երկրի զարգացման ուղղությունը և Չինաստանին բերել է սոցիալ-տնտեսական զարգացման նոր հաջողություններ և առաջխաղացում այլ ոլորտներում”,- ասել է Էրլունը։

Նա նշել է, որ գիտաժողովը արդիական նշանակություն ունի, քանի որ չինական կողմին հետաքրքիր է, ինչպես են Հայաստանում տեսնում Չինաստանի բարեփոխումների քաղաքականությունը և ինչպիսի հեռանկարներ են կապվում հայ-չինական համագործակցության հետ բարեփոխումների և արտաքին աշխարհին բացության հետագա ընդլայնման համատեքստում։

“Սակայն այն, ինչ հարմար է մեզ, պարտադիր չէ, որ հարմար լինի ուրիշ երկրներին, այդ պատճառով մենք ներկայացնում ենք մեր քաղաքականությունը, բայց բացարձկապես չենք պարտադրում այն։ Մենք պատրաստ ենք փորձի փոխանակման, սակայն խորհուրդ չենք տալիս կուրորեն կրկնել այդ փորձը”,-ասել է Էրլունը։

Հայաստանում Չինաստանի դեսպանության և Նորավանք գիտակրթական հիմնադրամի կազմակերպած գիտաժողովին մասնակցել են կառավարության և խորհրդարանի անդամներ, մի շարք դեսպանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձագետներ Հայաստանից և այլ երկրներից: