Բավ է պառակտվել
04-05-2020 13:18

Հայաստանում գործազուրկների թիվը կավելանա 40.000-ով - աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Երկուշաբթի աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը հայտարարել է, որ կորոնովիրուսն անխուսափելիորեն աշխատաշուկայի վրա շատ բացասական հետևանք է ունենալու:

“Համաձայն տարբեր հաշվարկների, այդ թվում՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) ոչ ֆորմալ հարցաշարերի, մենք կանխատեսում ենք, որ համավարակին հաջորդող ժամանակահատվածում գործազրկությունը կավելանա 1.3 տոկոսով՝ 17.7 տոկոսից հասնելով 19 տոկոսի։ Թվային արտահայոտւթյամբ երկրում կունենանք հավելյալ 40 000 գործազուրկ”,- ասել է նա առողջապահության և սոցիալական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում։

Ըստ Ուդումյանի՝ գործազրկությունն ամենից շատ կզգացվի սպասարկման, հանրային սննդի ծառայությունների, որոշ չափով՝ շինարարության ոլորտներում:

“Մենք դեռևս չունենք թվեր, բայց արդեն կարող ենք ասել, որ սեզոնային աշխատողները, որոնք հիմնականում գնում են ՌԴ՝ արտագնա աշխատանքի, մի քանի ամսից նույնպես կհամալրեն գործազուրիների բանակն”,-ասել է նա։

Այս համատեքստում փոխնախարարը կարևորել է շահառուների տարբեր խմբերի համար հասցեական ծրագրերի իրականացմանն ուղղված կոնկրետ քայլերի իրագործումը։

Այս կախակցությամբ նա պարզաբանել է, որ միջազգային, այդ թվում՝ Համաշխարհային բանկի, ԱՄԿ-ի կամ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) փորձը վկայում է, որ տնտեսական զարգացումն է, որ կարող է զգալիորեն կրճատել գործազրկությունը, մասնավորապես՝ կառուցվածքային գործազրկությունը։

“Չնայած Զբաղվածության պետական գործակալության կողմից աշխատաշուկայում իրականացվող ակտիվ ծրագրերը զանգվածային գործազրկությունը վերացնելու միջոց չեն, այնուամենայնիվ կարող են մի շարք ոլորտներում մեղմացնել այն խոցելի որոշ խմբերի համար”,- ասել է նա։

Ուդումյանը տեղեկացրել է, որ Զբաղվածության գործալկալության ռեգիստրում ներկայումս գրանցված է 58,9 հազ․մարդ։

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ։

Արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների տեղաշարժի և որոշ տիպի տնտեսական գործունեության նկատմամբ սահմանափակումները, որոնք նախկինում սահմանվել էին մարտի 24-ից ապրիլի 12-ը ներառյալ երկարաձգվել են մինչև 2020թ․մայիսի 14-ի ժամը 17։00-ն ներառյալ։

Մայիսի 4-ի առավոտյան դրությամբ Հայաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսի 2507 հաստատված դեպք։ Ապաքինվել է 1071 մարդ, 39 հիվանդ մահացել է։