Բավ է պառակտվել
25-05-2020 15:45

Ովքե՞ր են գերշահույթ ստացող դիմակ արտադրողները

 

ԲՀԿ  խմբակցության  պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի օրն սկսվել է դեղատուն այցելելով, ոչ նրա համար, որ պատգամավորը առողջական խնդիրներ ունի, այլև ուսումնասիրելու թե դեղատներում որքան է դիմակի արժեքը: Մոտ 12 դեղատուն է մտել, պարզել է մեկ դիմակը ոչ թե 150-160 դրամ է,  այլ  210-220։  Այսինքն կրկին անգամ թանկացել է։  Ովքեր են գերշահույթ ստացող տնտեսվարողները՝ պատգամավորը ցանկանում է լսել նրանց անուները՝   Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանից։

«Էդ չգիտե՞ք՝ ովքեր են դիմակներ ներկրողները։ 20 դրամով էլ էին գերշահույթ ստանում, հիմա էլ՝ 220 դրամով սուպեր գերշահույթ»,–ասաց Զոհրաբյանը։

Գևորգյանն իհարկե տնտեսվարողների անունները չտվեց, փոխարենը  նշեց, որ ներկրումը թանկացել է մոտ տասն անգամ:

ՏՄՊՊՀ նախագահն ասաց՝ տեղյակ են, որ 220 դրամով էլ է դիմակ վաճառվում։ «Օրինակ, տեսել ենք 220 դրամով ծախում է դիմակը՝ պետք է պահանջենք ներմուծման փաստաթղթերը, որ տեսնենք՝ ինչքան է, ումից է ձեռք բերել, համեմատենք նախորդ մարժայի հետ։ Եթե օպերատիվ աշխատանքը ենթադրում է, որ ես զանգեմ ներմուծողներին, ասեմ՝ գնացեք, դիմակի գինը 60 դրամ իջեցրեք, թե չէ՝ ձեզ պատասխանատվության կենթարկեմ, դա կորակվի իմ պաշտոնեական լիազորությունների սահմանազանցում»,- շեշտեց Գևորգյանը։

Խոսելով դիմակների միջազգային գների մասին` Գևորգյանն ասաց, որ ՌԴ-ում Հայաստանից ավելի թանկ է, ընդ որում` տարբեր մարզերում տարբեր գների, Վրաստանում Հայաստանից էժան է։

«Հայաստանում դիմակի ձեռքբերման գինը այսօր տատանվում է 113-140 դրամ։ Դա ձեռքբերման գինն է՝ միջազգային շուկայից և տեղական արտադրանքի ինքնարժեքը։  Սրանից էժան մենք փաստ չունենք։ Եթե ունենանք, և պարզվի, որ խաբել են, ապա ավելի վատ կվարվենք նրանց հետ»,- ասաց Գևորգյանը։

Գևորգյանի խոսքով` ըստ ՏՄՊՊՀ ուսումնասիրությունների` Հայաստանում կան տնտեսվարող սուբյեկտներ, որոնք իրավիճակից օգտվելով, փորձել են ավելի շատ շահույթ ստանալ:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքեց, որ 220 դրամը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Նա հետաքրքրվեց, թե արդյոք կա ուսումնասիրություն տնտեսվարող սուբյեկտները գերշահույթ ապահովելով են դիմակների գներն այդքան բարձրացրել, թե չէ:

«Տրամաբանությունը հետևյալն է, եթե դեկտեմբերին Չինաստանից ներմուծված եռաշերտ, մեկանգամյա օգտագործման դիմակի ներմուծման գինը եղել է 13 դրամ, ապա ապրիլ-մայիսին եղել է 116 դրամ: Իհարկե  խոսքը չի վերաբերում նրան, որ հինգ դրամով ներկրել են ու վաճառել 200 դրամով, խոսքն այն մասին է, որ 110, 120 դրամանոց դիմակը վերջնական սպառողին հասել է մինչև 220 դրամ, ընդ որում` հարկերը ներառյալ, երբ հարկերը հանում ենք, 40-50 դրամ շահույթի մասին է խոսքը, բայց երկու մարժա է եղել»,-ասաց նա:

ՏՄՊՊՀ նախագահը նաև տեղեկացրեց, որ մեկանգամյա ձեռնոցների շուկայում ևս ուսումնասիրություն են կատարում:

«Էստեղ շատ ավելի մեղմ է գնի բարձրացումը, բայց նկատում ենք որոշակի գնի մարժայի, նաև ներմուծման գների բարձրացում»,-եզրափակեց նա:

Նշենք, որ  դիմակների շուկայում ուսումնասիրությունը ավարտել են ու վաղը արդեն հանձանաժողովի անդամները՝ նիստում դիմակներով վարույթ կհարուցեն որոշ տնտեսվարողների նկատմամբ՝ գերիշխող դիրքի չարաշահման ու հակամրցակցային համաձայնության հիմքով։  

 

 

 

Արմինե Գևորգյան