ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ–ում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու վերաբերյալ հարցերը քննարկելու համար կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ:
Որոշման համաձայն՝ աշխատանքային խումբը ստեղծվում է նաև փոքր մոդուլյար ռեակտորներ տեղակայելու նպատակահարմարության, ինչպես նաև անհրաժեշտ տեխնոլոգիաների ընտրության նպատակով վերլուծություններ իրականացնելու և հետագա քայլերի հաջորդականությունը սահմանելու վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով։ Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարը 2-ամսյա ժամկետում ՀՀ վարչապետի աշխատակազմ պետք է տեղեկատվություն ներկայացնի կատարված աշխատանքների մասին։
Հաստատվել է աշխատանքային խմբի կազմը և դրա ղեկավարը՝ ի դեմս տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարի։ Խմբում ընդգրկված են նաև բնապահպանության, էկոնոմիկայի, ներքին գործերի փոխնախարարները, միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի տեղակալը, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ), կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահը, Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-ՀԱԷԿ-ի տնօրեն (համաձայնությամբ), ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, «Արմատոմ» ՓԲԸ գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) և նրա տեղակալը գիտահետազոտական գծով, 01 լաբորատորիայի վարիչ (համաձայնությամբ), ՓԲԸ Էլեկտրաէներգետիկ համակարգի օպերատորի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ), ՀՀ տարածքային կառավարման նախարարության էներգետիկայի վարչության պետ (որպես աշխատանքային խմբի քարտուղար)։
Հայկական ԱԷԿ-ի մասին
Հայկական ԱԷԿ-ը Հարավային Կովկասի միակ ատոմակայանն է և արտադրում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ավելի քան մեկ երրորդը: Կայանը կարևոր դեր է խաղում Հայաստանի էներգետիկ համակարգի և հանրապետության ողջ սոցիալ-տնտեսական կյանքի զարգացման համար:
Նրա ծառայության ժամկետը երկարացվել է մինչև 2026 թվականը, աշխատանքներ են տարվում այն ևս 10 տարով երկարացնելու ուղղությամբ։ Աշխատանքները նախատեսվում է սկսել 2023 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին և ավարտին հասցնել երկու տարվա ընթացքում։
Նախատեսվում է 8-10 տարվա ընթացքում կառուցել նոր ատոմակայան, այժմ տարբեր տարբերակներ են համեմատվում, ուսումնասիրվում է արտասահմանյան գործընկերների փորձը։
2022 թվականի հունիսին ՀԱԷԿ ՓԲԸ-ի և «Русатом Оверсиз» ԲԲԸ-ի (Ռոսատոմ կոնցեռնի կառույց) միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության տարածքում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախապատրաստման գործընթացը։ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կողմից մշակված 1200 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկի կառուցման նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը քննարկման փուլում է։
Բացի այս նախագծից, հայկական կողմն ուսումնասիրում է Հարավային Կորեայի (1400 ՄՎտ հզորությամբ կայաններ, 1000 ՄՎտ հզորությամբ կայաններ, այնտեղ շահագործվում են մոդուլային բլոկներ), ԱՄՆ-ի (300 ՄՎտ փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ) Ֆրանսիայի գործընկերների առաջարկներն ու փորձը։