Բավ է պառակտվել
21-02-2020 16:16

Միայն մեր երկրում չեն խրախուսում տեղական արտադրողին․ Սերգեյ Բագրատյան

Պետական գնումների համակարգի հիմնախնդիրներն ու դրանց լուծման ուղիներն էին այսօր քննարկվում խորհրդարանում: «Բարգավաճ Հայաստանից» Սերգեյ Բագրատյանը ոլորտում առկա պրակտիկան արատավոր որակեց: Նա օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում: Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, որ ոլորտը կարգավորող օրենքով այնպիսի գնումների գործընթաց է նախատեսված, որ մրցույթներոմ հաղթեն նախապես ընտրված դիմորդներ:

Խորհրդարանականի կարծիքով՝ նման մոտեցումն անհրաժեշտ է վերանայել:
«Եթե մրցույթի ժամանակ մի ընկերությունն իր արտադրանքի համար առաջարկել է վճարել 1 դոլար, իսկ մյուսը՝ 10 դոլար, ապա ստացվում է, որ միջին գինը կազմում է 5 դոլար: Հաղթանակը պետք է շնորհել այն ընկերությանը, որն առաջարկել է միջինին մոտ գին»,- շեշտեց պատգամավորը:
Նա սա որակեց ծիծաղելի, քանի որ յուրաքանչյուր գնում, ցանկության դեպքում կարելի է կատարել այդ հոդվածով, ինչը ռիսկային է։
«Նախապես ինչ-որ մեկին «աչքի տակ» ունենալով՝ կեղծ մրցույթ են կազմակերպում, այդ մեկի հետ պայմանագիր են կնքում: Այդ արատավոր պրակտիկան պետք է վերացնենք: Ինչպե՞ս պետք է վերացնենք՝ օրենսդրական փոփոխություններով»,- ասաց նա:

Պատգամավորը նկատեց, որ նման մրցույթները Հայաստանի տնտեսությունը հանգեցրել են ապրանքային շուկաների գերմոնոպոլիզացման և այդ ընթացքում 20 000 ապրանքատեսակ մոնոպոլիզացվել է։

Սերգեյ Բագրատյանը կարևորեց նաև գնումների գործընթացին տեղական արտադրողի մասնակցությունը։
Բագրատյանը նաեւ անդրադարձավ Եվրասիական տնտեսական միության շրջանակում անցկացվող մրցույթներին Հայաստանի մասնակցության հնարավորությանը: Խորհրդարանականի կարծիքով՝ Հայաստանն, ասես, այս մրցույթներից մեկուսացված է:

«Մենք փոքր շուկա ունենք, եթե թույլ տանք ազատ մրցակցության պայմաններում տեղական արտադրողին չպաշտպանել, կկորցնենք արտադրողին, որովհետև նրա համար առաջին խթանն այն է, որ իր արտադրանքը գնվի մրցույթի պայմաններում: Որևէ երկրում չեք տեսնի, որ տեղական արտադրողին չխրախուսեն, ՀՀ-ում չեն խրախուսում»,-շեշտեց պատգամավորը:

 

 

Արմինե Գևորգյան