Բավ է պառակտվել
23-01-2017 17:34

Էներգետիկայի նախարարությունը մեկնաբանել է հայկական ԱԷԿ–ում գրանցված վթարային անջատումը

Հայկական ԱԷԿ–ն աշխատում է նորմալ ռեժիմով և որևէ վտանգ չկա։

Այս մասին երկուշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը։

Շաբաթ օրը բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերում (110 կՎ) տեղի ունեցած վթարային անջատման հետևանքով Հայաստանի ԱԷԿ-ում աշխատել է դիֆերենցիալ պաշտպանության համակարգը: Արդյունքում ԷՀԳ 110 կՎ երկրորդ հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանությունն ամբողջությամբ հոսանքազրկել է ԱԷԿ-ի 110 կՎ ենթակայանը և առաջին բլոկի էլեկտրասնուցումը: «Բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի» աշխատակիցների ջանքերով վթարը հայտնաբերվել և վերացվել է, և Բջնու գծով էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է:

«Հարկ է նշել, որ խնդիրն առաջացել է ոչ թե հայկական ԱԷԿ–ում, այլ բարձավոլտ ցանցերում հաղորդալարերի սառցակալման պատճառով։ Այս պահին ԱԷԿ–ում որևէ վտանգ չկա և չի եղել, քանի որ միջադեպը կայանում չի տեղի ունեցել», – ասաց Հարությունյանը։

Փոխնախարարի խոսքով, իրավիճակը վկայում է այն մասին, որ հայկական ԱԷԿ–ի անվտանգության բոլոր համակարգերը գործուն են։

Նրա խոսքով, ԱԷԿ–ի բոլոր պաշտպանիչ մեխանիզմները գործեցին օպերատիվ, և մի քանի ժամում խնդիրը լուծվեց, որևէ համակարգային վթար չի եղել։

«Ցանկացած միջադեպի պարագայում նախատեսված են խնդրի լուծման ժամկետներ և մեխանիզմներ, ինչի շնորհիվ ցանցի բաժանորդներն անգամ չեն զգացել խափանում, քանի որ համակարգը նորմալ գործում է, և հայկական ԱԷԿ–ի կադրերի տեխնիկական և պրոֆեսիոնալ պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա է», – ասաց Հարությունյանը։

Այս պահին ԱԷԿ–ն աշխատում է ամբողջական ծանրաբեռնվածության ռեժիմում։ Էլեկտրաէներգիան մատակարարվում է ամբողջական ծավալով։