Բավ է պառակտվել
22-07-2015 08:57

Սերգո Կարապետյանն ԱՄՆ-ում հանդիպել է USAID-ի ներկայացուցչի հետ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարի տեղակալ Ջոնաթան Կատզի հետ, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը, բարձր գնահատելով փոխգործակցության ներկա մակարդակը, քննարկել են USAID-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ միջև հետագա համագործակցության հեռանկարները: «ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից իրականացվող ծրագրերը մեծապես նպաստում են մեր երկրում գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը: Ուստի անհրաժեշտ է ընդլայնել երկկողմ համագործակցության շրջանակները, մշակել ու իրագործել նոր համատեղ ծրագրեր` դրանցում ներառնելով ոլորտի թիրախային խնդիրները», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը: Ընդգծելով, որ վերջին տարիներին միջազգային կազմակերպությունների աջակցությամբ Հայաստանում հաջողվել է բարելավել սննդամթերքի անվտանգության ենթակառուցվածքները` նախարարն նշել է, որ այժմ կարևոր և արդիական է համարում հատկապես կենդանիների համարակալման և հաշվառման իրականացումը, որը կնպաստի մսամթերքի հետագծելիության ապահովմանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ձկնաբուծության բնագավառում ջրի խնայողատար ռեժիմով նորագույն համակարգերի ներդրման հարցին: