Բավ է պառակտվել
17-05-2019 14:30

Տրանսպորտի նախարարությունը մտադիր է խստորեն վերահսկել ճանապարհաշինարարական աշխատանքների որակը Հայաստանում

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանը հանդիպել է նախարարության ծրագրերի շրջանակներում ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում նշվել է, որ արդեն մեկնարկել է պետական բյուջեի շրջանակներում իրականացվող հիմնանորոգման, միջին նորոգման, ինչպես նաև Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրով» կատարվող ճանապարհաշինական աշխատանքների զգալի մասը:

Փոխնախարարը հատկապես կարևորել է աշխատանքների որակի և ժամկետների պահպանման հարցերը, նշելով, որ որակի հսկողությունը լինելու է խիստ, պայմանագրով սահմանված ժամկետների խախտումներն՝ անթույլատրելի:

Նա ընդգծել է, որ գերատեսչությունը հետևելու է շինարարական աշխատանքների առաջընթացին ոչ թե աշխատանքների վերջում, այլ ընթացքում՝ ըստ հաստատված ժամանակացույցի։

Բադալյանը նշել է, որ տրասպորտի նախարարությունը բարձրացել է նախագծերի կատարման նկատմամբ պահանջները։ Որակապես բարելավված նախագծերը պետք է ապահովեն համապատասխան ստանդարտների, նոր մոտեցումների և նախագծային լուծումների կիրառումը։ նրա խոսքով, շինարարության ոլորտում նոր աշխատանքնային ստանդարտների, նոր մշակույթի ներդրման արդյունքը պետք է շոշափելի լինի։

Շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին հանձնարարվել է հատուկ ուշադրություն դարձնել անվտանգ երթևեկության կազմակերպմանը և ապահովմանը։

Փոխնախարարը տեղեկացրել է, որ 2019 թվականի նախագծերը գտնվում են ամփոփման փուլում, հայտնելով, որ մրցույթներին մասնակցելու համար պետք է դիմեն միայն նրանք, ում կարողությունը թույլ է տալիս ստանձնած պարտավորության ծավալով և սահմանված որակով իրականացնել աշխատանքները:

Քննարկվել են մի շարք հարցեր՝ կապված հայտարարված մրցույթների ժամկետների, նախագծող և պատվիրատու կազմակերպությունների պարտավորությունների վերաբերյալ։