Բավ է պառակտվել
03-02-2020 15:16

Միշուստինն առաջարկել է հետաձգել Սոչիի ֆորումը կորոնավիրուսի պատճառով

Վարչապետ Միխայիլ Միշուստինն առաջարկել է հետաձգել Ռուսաստանի ներդրումային ֆորումը, որը նախատեսվում էր անցկացնել Սոչիում փետրվարի 12-ից 14-ը: Ֆորումի չեղարկման մասին խնդրանքով նրան դիմել է 2019-nCoV նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման օպերատիվ շտաբի պետ, փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան։ Նա հիմնավորել է առաջարկն “իրավիճակով և Չինաստանից ստացվող տեղեկություններով”։

Փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն պարզաբանել է, որ “ֆորումի արդեն իսկ գրանցված ավելի քան 4000 մասնակիցներից գրեթե 500-ը արտասահմանցի են, որոնց կեսն` այն երկրների ներկայացուցիչներ, որոնցում պաշտոնապես գրանցվել է կորոնավիրուսի վարակը”:

“Մի կողմից, իհարկե, կոռեկտ չէ նրանց մերժել, բայց, մյուս կողմից, չի կարելի վտանգի ենթարկել ֆորումի մնացած մասնակիցներ”, - նշել է պաշտոնյան և առաջարկել է չեղարկել 2020թ․ֆորումը:

Միշուստինը շեշտել է, որ նախևառաջ անհրաժեշտ է մտածել ֆորումի մասնակիցների անվտանգության մասին, բայց առաջարկել է այն “ոչ թե չեղարկել, այլ հետաձգել”:

Նա նշել է, որ ՛կազմակերպիչները զգալի ծախսեր են կատարել” և խնդրել Չերնիշենկոյին ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի հետ միասին գնահատել ծախսերն ու փոխհատուցել դրանք:

Սոչիի ֆորումը կազմակերպում է “Ռոսկոնգրեսը”: Կորոնավիրուսի պատճառով ֆորումի չեղարկման մասին լուրերը հայտնվել են հունվարի 30-ին: Այդ օրը միջոցառման կազմկոմիտեն “Ինտերֆաքս՛ -ին ասել է, որ իրենք չեն լսել այդ մասին: Հունվարի 31-ին, նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ֆորումի հետաձգումը քննարկվում է, և լրագրողների հարցերը վերահասցեագրել կառավարությանը։

Ավելի ուշ կառավարությունում “Ինտերֆաքս” -ի աղբյուրը հայտնել է, որ ֆորումի ճակատագիրը կորոշվի փետրվարի 3-ին կայանքլիք հանդիպմանը, որին կմասնակցեն “Ռոսկոնգրես”-ի և կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի ներկայացուցիչները։

Ռուսաստանում մինչ այժմ հաստատվել է 2019-nCoV վիրուսով վարակվելու երկու դեպք՝ Զաբայկալիե երկրամասում և Տյումենի շրջանում, վարակվածները Չինաստանի քաղաքացի են։ Փետրվարի 3-ի դրությամբ Չինաստանում գրանցվել է 17.238 դեպք, ևս 148-ն՝ այլ երկրներում, մահացել է 362 մարդ, ավելի քան 480-ն` առողջացել: