Բավ է պառակտվել
20-08-2019 17:45

ԱՄՀ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին փոխշահավետ համագործակցության շրջանակներում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրին: Ինչպես տեղեկացրել է կառավարության մամլո ծառայությունը, հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովան:

Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև առկա է արդյունավետ համագործակցություն, և կառավարությունը հետաքրքրված է դրա զարգացմամբ: Նրա խոսքով՝ Հայաստանը տարբեր ոլորտներում բարեփոխումների հավակնոտ օրակարգ ունի, և այդ գործընթացում միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՀ օժանդակությունը կարևոր նշանակություն ունի:

Ազուրին բարձր է գնահատել համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ և ընդգծել, որ Հայաստանը հանդիսանում է ԱՄՀ հուսալի գորընկեր։ Նա նշել է, որ ԱՄՀ-ն պատրաստ է օժանդակել Հայաստանին փոխշահավետ համագործակցության շրջանակներում՝ բարեփոխումները հաջողելու գործընթացում և երկրի տնտեսական առաջընթացին միտված ծրագրերում:

Խոսելով Հայաստանի տնտեսական առաջնահերթությունների մասին, Փաշինյանը նշել է, որ կառավարության նպատակը արտահանմանը միտված և տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսության ձևավորումն է: Հյուրի խնդրանքով վարչապետը անդրադարձել է տնտեսության կառուցվածքի փոփոխությունների, կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական ոլորտի, պետական կառավարման համակարգի բարեփոխումների, ներդրումային միջավայրի բարելավման, ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով իրականացվող քայլերին ու միջոցառումներին:

Ազուրը նշել է, որ ԱՄՀ-ն սատարում է Հայաստանի կառավարության՝ երկրի տնտեսությունը բարեփոխելու ջանքերին:

Վարչապետը և ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենը մտքեր են փոխանակել զարգացման երկարաժամկետ ռազմավարությունների տեսլականի շուրջ: