Բավ է պառակտվել
19-08-2019 13:10

Ռուսաստանի մաքսակետերում փոխվել են բեռների ստուգման կանոնները

Օգոստոսի 19-ին ուժի մեջ են մտնում ֆիտոսանիտարական հսկողության նոր կանոնները, որոնք փորձնական կարգով կգործեն մինչև 2022 թվականը: Դրանք նախատեսված են ՌԴ Կառավարության 2019 թվականի հուլիսի 17-ի թիվ 907 որոշմամբ՝ “ՌԴ Կառավարության 2016 թվականի օգոստոսի 13-ի թիվ 792 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին”:

Մրգերի, բանջարեղենի, սերմերի կամ բուսական ծագման այլ արտադրանքի քաշը հինգ կիլոգրամը գերազանցելու դեպքում կպահանջվի բուսասանիտարական վկայագիր: Դրա բացակայության դեպքում արտադրանքը կառգրավվի և կոչնչացվի։

Մաքսային ծառայությունը որոշման մասին կտեղեկացնի Ռոսսելխոզնադզորի միջգերատեսչական էլեկտրոնային փոխգործակցության միասնական համակարգի միջոցով: Վկայագիր կպահանջվի նաև Ռուսաստանի տարածք տնկիներ կամ կտրած ծաղիկներ ներմուծելիս: Առանց վկայականի թույլատրվում է ներմուծել ոչ ավելի, քան երեք ծաղկեփունջ, յուրաքանչյուրը բաղկացած առավելագույնս 15 ծաղկից:

Ստուգման կենթարկվեն նավերի, ինքնաթիռների, գնացքների, ինչպես նաև այդ փոխադրամիջոցների անձնակազմի անդամների ուղեբեռները: Բացի այդ, կստուգվեն նաև ավտոմեքենաները:

Այս կանոնները կկիրառվեն պետական սահմանի մի շարք անցակետերում, մասնավորապես՝ Վլադիվոստոկի Ազատ նավահանգստում։

Մաքսային ծառայողները մրգերի և բանջարեղենի առկայությունը ուղեբեռներում կստուգեն նաև երեք ավտոմոբիլային անցակետում: Դրանք են Վյարտսիլիա անցակետը Կարելիայում՝ Ֆինլանդիայի հետ սահմանին, Շումիլկինոն՝ Պսկովի մարզում Էստոնիայի հետ սահմանին և Յարագ-Կազմալյարը Դաղստանում՝ Ադրբեջանի հետ սահմանին:

Ի դեպ, բանջարեղենի, մրգերի և ծաղիկների տեղափոխման նույն կանոնները գործում են նաև այլ անցակետերում, միայն այնտեղ ուղեբեռների ստուգումն իրականացնում են “Ռոսսելխոզնադզոր” -ի ներկայացուցիչները։

Կանոնները տարածվում են բազմաթիվ մրգերի, օրինակ ՝ արքայախնձորի, թուզի, գուավայի, ավոկադոյի, մանգոյի, մանգոստանի, ծիրանի, բալի, դեղձի, սալորի, ցիտրուսային մրգերի վրա: Նույն կանոնները տարածվում են նաև տարբեր բանջարեղենի, օրինակ ՝ լոլիկի, կաղամբի, գազարի, վարունգի, կարտոֆիլի վրա: