Բավ է պառակտվել
28-04-2020 15:07

Պետք է վճարել կոմունալները, այլապես տնտեսական կոլապս կլինի․վարչապետ

 

Երբ առաջացավ այս ճգնաժամային իրավիճակը, ակնհայտ էր, որ շատ մարդիկ չեն կարողանալու վճարել կոմունալ վճարները: Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կոմունալ վճարների հետ կապված խնդրին:

«Մենք սկզբում հայտարարեցինք, որ արտակարգ դրության ընթացքում վարձերը չվճարելու համար անջատումներ չեն լինելու, բայց այդ ժամանակ հույս ունեինք, որ իրավիճակը կզարգանա այնպես, որ ապրիլի 16-ին արտակարգ դրությունը կավարտվի, բայց այդպես չեղավ:

Ըստ Փաշինյանի դրանից սկսեցին օգտվել ոչ թե նրանք, ովքեր իսկապես չեն կարողանում վճարել, այլ նրանք, ովքեր կարող են, բայց չեն ուզում վճարել։

«Երբ մենք 10 օր առաջ նայում էինք, թե ովքեր չեն վճարել, տեսնում էինք, որ հարուստ մարդիկ չեն վճարում։ Այստեղ առաջանում է հետևյալ խնդիրը, որ փաստորեն բաժանորդները համատարած չեն վճարում ցանցերին, ցանցերը չեն կարողանում վճարել իրենց արտադրողներին, արտադրողները չեն կարողանում վճարել մատակարարողներին և աշխատողներին, չեն կարողանում վճարել հարկեր, և դրա արդյունքում առաջանում է ռիսկ, որ մենք չենք կարողանա վճարել թոշակներ ու նպաստներ։ Բայց ամենակարևոր ռիսկը՝ համակարգը կարող է քանդվել։ Ոչ թե կարող է խոսք գնալ, որ 1000, 5000 բաժանորդի էլէկտրաէներգիան անջատեն, այլ կարող է խոսք գնալ, որ երկրում էներգետիկ համակարգը չաշխատի»,- նշեց վարաչապետը՝ հավելելով, որ, օրինակ՝ ՀէՑ-ը պետության ամենախոշոր հարկատուներից մեկն է։

«Այս պայմաններում մենք համաձայնություն տվեցինք, որ Հանձնաժողովն ու մատակարար ընկերությունները որոշակիորեն կոշտացնեն իրենց դիրքորոշումը»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ այդ որոշումից հետո մի քանի օրվա ընթացքում 7 մլրդ դրամին մոտիկ վճարումներ են եղել համակարգ. «Այսինքն առնվազն բազմաթիվ մարդիկ, որ կարող էին վճարել, բայց մտածում էին՝ որ չեն անջատելու, չվճարենք: Ընդ որում, դրանց մեջ կան խոշոր բաժանորդներ: Մենք սրանով համակարգը փրկեցինք կոլապսից»:

Վարչապետը նշեց, որ պետք է անջատեն  բոլոր այն բաժանորդների հոսանքի ու գազի մատակարարումը, որոնք հնարավորություն ունեն, բայց չեն վճարում։ Եվ  իրենց  նպատակն է օգնել մարդկանց, որոնք ունեն սոցիալական պրոբլեմ և չեն կարողանում վճարել։

«Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ մինիմում մեկ տարի՝ մինչև մյուս տարվա մարտ, կորոնավիրուսային ճգնաժամի մեջ ենք լինելու։ Եվ եթե մենք ասենք, որ այդ ընթացքում մարդիկ կարող են կոմունալները չվճարել, նույնն է, թե ասենք, որ երկրում հոսանք չի լինելու։ 11-րդ և 12-րդ ծրագրի շահառուների հոսանքը չի անջատվել։ Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ չենք կարողանում տեղորոշել բոլոր իրական կարիքավորներին։

«Չվճարումները եղել են նաեւ սպեկուլյատիվ, որ մարդիկ ասել են՝ դե չեն անջատում, եկեք չվճարենք։ Այն մարդիկ, որոնք հնարավորություն ունեն վճարելու, բայց չեն վճարում, նրանց հոսանքն, այո, պետք է անջատվի: Հակառակ դեպքում կստացվի, որ անապահովների շվաքի տակ էդ մարդիկ փողը գրպաններում պահում են, որ իրենց տաք լինի կամ բիզնես ունեն, տանում են էդ բիզնեսի մեջ դնեն»:

Վարչապետը նաեւ այլ թվեր ներկայացրեց . «Հայաստանում կա 775 հազար էլէներգիայի բաժանորդ եւ 623 հազար գազի բաժանորդ: Այս պահի դրությամբ անջտվել է 4300 էլեկտրաէներգիայի բաժանորդների հոսանք եւ 736 գազի բաժանորդների մատակարարումը: Ընդ որում, էլեկտրաէներգիայի անջատումների բաժանորդների պարտքը կազմում է 30 հազարից ավելի, իսկ գազի սպառողների պարագայում՝ 80 հազարից ավելի»:

Ինչ վերաբերում է պնդումներին, որ կառավարությունը խոստացել էր, որ արտակարգ դրության ընթացքում անջատումներ չեն լինելու, իսկ հիմա իր խոսքը չի պահում, վարչապետն ասաց. «Եթե մեր հայտարարածը 100 տոկոսով իրականություն չի դարձել, դա էլ համարեք մեր պատասխանատվությունը: Ուրեմն էդքանով մենք վատ իշխանություն ենք, էդ ինֆորմացիան ընդունեք ի գիտություն՝ ձեր հետագա գործողությունների համար:

Ըստ նրա իր   առաջին գործը օպերատիվ մարտահրավերներին արձագանքելն է։

«Ես հասկանում եմ, որ բոլորս էլ տուժելու ենք։ Բայց իմ խնդիրն այն է, որ հնարավորինս քիչ տուժենք։  Բոլորդ պատրաստվեք, որ մինչև մյուս տարի կորոնավիրուսը լինելու է։ Պետք է սովորենք կորոնավիրուսի պայմաններում ապրել հնարավորինս բնականոն պայմաններով»,-նշեց վարչապետը։

 

 

Արմինե Գևորգյան