Բավ է պառակտվել
14-11-2018 13:05

Հարկային ստուգումների արդյունքում միլիարդավոր դրամի հասնող խախտումներ են բացահայտվել “Գազպրոմ Արմենիա” ՓԲԸ -ում

“Գազպրոմ Արմենիա” ՓԲԸ -ում Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի ստուգումների արդյունքում բացահայտվել են մի շարք խախտումներ և առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորություններ չվճարելու դեպքեր:

Մասնավորապես, ըստ գերատեսչության տվյալների, հարկային համալիր ստուգման արդյունքում ՊԵԿ խոշոր ու միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության աշխատակիցները պարզել են, որ “Գազպրոմ Արմենիա” ՓԲԸ-ն 2016 և 2017 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկներում ներառել է ակնհայտ կեղծ տվյալներ, ինչի արդյունքում մի քանի միլիարդ դրամի չափով պակաս է հաշվարկել հարկային պարտավորությունները:

Ընկերության թույլ տված չարաշահումների մասին են վկայում նաև գազի կորուստների, ինչպես նաև ավտոգազալցավորման ճնշակայաններին (ԱԳԼՃԿ-ներին) մատակարարված բնական գազի ծավալների մասին տվյալները։

“Պարզվել է, որ բաշխման համակարգում կորուստների մեծությունը 2018 թվականի հունիս-հուլիս ամիսներին 2018 թվականի հունվար-մայիսի համեմատությամբ նվազել է միջին հաշվով 3 անգամից ավելի: Միաժամանակ, կատարված համեմատական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ԱԳԼՃԿ-ներին մատակարարված բնական գազի ծավալները հունիս-սեպտեմբեր ամիսներին 2018 թվականի առաջին հինգ ամիսների համեմատությամբ զգալիորեն ավելացել են՝ մոտ 37%-ով, ինչը համամասնական է ավտոգազալցավորման գործունեությամբ զբաղվող մի շարք ընկերությունների կողմից բնական գազի սպառման ցուցանիշներին։

ՊԵԿ քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով հիման վրա հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ “Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով”: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի թույլ տված չարաշահումների հետևանքով պետությանը պատճառված վնասի չափը հստակեցնելու, ինչպես նաև բնական գազի սպառման ոլորտում կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու ուղղությամբ:

“Գազպրոմ Արմենիա” ընկերությունը շարունակաբար զբաղեցրել է Հայաստանի խոշորագույն հարկատուների ցուցակում առաջատար տեղերից մեկը: 2018 թվականի առաջին 9 ամիսների տվյալներով ընկերությունը գտնվել է այս ցուցակում երկրորդ տեղում` հաշվետու ժամանակահատվածում պետբյուջե վճարելով 30,3 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 32,2 մլրդ դրամի դիմաց:

“Գազպրոմ Արմենիա” ՓԲԸ-ն (նախկինում `”ՀայՌուսգազարդ” ՓԲԸ) կազմակերպում է բնական գազի մատակարարումը Ռուսաստանից Հայաստան՝ ներքին շուկայում սօառման համար, ինչպես նաև զբաղվում է բնական գազի փոխադրմամբ, պահեստավորմամբ, բաշխմամբ և վաճառքով, գազատրանսպորտային համակարգի և գազի ստորգետնյա պահեստարանների վերակառուցմամբ և ընդլայնմամբ: Ստեղծվել է 1997 թ. դեկտեմբերին, հանդիսանում է «Գազպրոմ» ռուսական էներգետիկ հոլդինգի 100% դուստր ձեռնարկությունը: