Բավ է պառակտվել
21-07-2020 15:32

Անձնագիր ունեցող հավերը կամ ձվերը․․․

 

Գյուղական առավոտ, որտեղ ամեն կողմից լսելի է հավերի ու աքլորների կչկչոցը։ Սա Գեղարքունիքի մարզի Վարսեր համայքում գտնվող «Նավասարդ Ագրո» ընկերության հավերի ձայներն են։ Նրանց արտադրանքը՝ հավկիթը, վաճառվում է քաղաքի սուպերմարկետներում։ Չզարմանանք, եթե բացեք այդ հավկիթների փոքրիկ տուփերը եւ ներսում տեսնեք անձնագիր։ Այո, այս հավերը անձնագիր ունեն։ Այնտեղ գրված է ինչ են կերել, ինչքան են կերել, ինչու է հավկիթը համարվում օրգանական կամ էլ տնական։ Ընկերության գործադիր տնօրեն Արմինե Մելքոնյանն ասում է, որ իրենց համար կարևոր է, թե ինչ է ուտում այսօր սպառողը ։
«Մեզ համար այսօր խորթ է, բայց մենք հավերին պահում ենք այնպես, ինչպես մեր տատիկները իրենց բակում. օրինակ՝ քուջուջ անելու հնարավորություն ունեն։ Տալիս ենք գարի, ցորեն, կաղամբ, գազար, ածիկ ենք աճեցնում։ Մարդիկ նույնիսկ զարմանում են, որ այդքան ներդրում ենք անում հավերի վրա։ Իհարկե՝ այս պահին աշխատում ենք զրոյով, բայց վստահ ենք, որ հետագայում ավելի լավ է լինելու»։ 

Իսկ հիմա ամեն ինչի մասին հերթով։ Ավելի քան 20 տարի ապրելով ՌԴ–ում՝ Նավասարդյան եղբայրները որոշեցին վերադառնալ հայրենի գյուղ՝ Գեղարքունիքի մարզ Վարսեր համայնք ու այստեղ զարգացնել տոհմային անասնաբուծությունը։ 
Վերադառնալու որոշումն էլ կայացրեցին հեղափոխությունից հետո։ Երբ նոր էր ընթանում ներդրումային գործընթացը ՝ եղբայրները հավաստիացնում էին, որ մի քանի տարի հետո իրենց ֆերման լինելու է տարածաշրջանում ամենամեծերից մեկը: Նախատեսում էր ներմուծել գերմանական «դորպեռ» ցեղատեսակի 250 գլուխ ոչխար, կաթնատու «ֆրիսկի» ցեղատեսակի ոչխարների ավելի մեծ խմբաքանակ և հավիկներ։ Ընկերության գործադիր տնօրեն Արմինե Մելքոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծրագրերն ընթանում էին իրենց հունով, սակայն համավարակը խաղաքարտերը խառնեց իրար։ Իրենց ընկերությունը շուկայում նոր էր հայտնվում ու ծանոթ չէր սպառողին։ Հետևաբար՝ մի շարք խնդիրների բախվեցին։


«Որոշակիորեն մեր գործողությունները դանդաղեցվին։ Եթե Եկատերինբուրգից պետք է ներմուծվեին ավելի մեծ խմբաքանակով հավեր՝ Հայաստան եկավ ընդամենը 5000 թև թռչուն։ Շուկա մտնելու համար պետք էր պայմանավորվածություն ձեռբ բերվեր։ Պարզվեց, որ նույնիսկ շուկայում բոլոր ցանցերը աշխատում էին հեռավար, նոր ապրանքի մուտք գործելը հնարավոր չէր։ Իսկ հավերին չենք կարող ասել քիչ ածեք, քանի որ համավարակ է։ Մի մեծ խմբաքանակ էլ բարեգործություն ենք արել, որ հավկիթները չմնան պահեստում։ Ճիշտ է, բավականին տուժեցինք, որը մեծ գումար էր կազմում, բայց չենք ընկճվում։ Իհարկե, ցանկալի կլիներ, որ կառավարությունը ինչ- որ կերպ օժանդակեր, որպեսզի մեր բրենդը ներկայացնելու հնարավորություն ունենայինք»։ 
Ընկերության գործադիր տնօրեն Արմինե Մելքոյանը օրեր առաջ ՀՀ նախագահի հետ հանդիպած գործարարներից մեկն է եղել։ Ասում է, որ նման հանդիպումներ ոգևորում են գործարարին, քանի որ հասկանում են, որ մենակ չեն իրենց խնդիրների հետ։ Իսկ որ ներդրումային՝ հատկապես գյուղատնտեսական ոլորտում, խնդիրները շատ են, փաստ է։ Վերջինս մատնանաշում է հատկապես հողերի խնդիրը, երբ տարիներ շարունակ համայնքում գտնվող հողերը պարապուրդի են մատնված եղել, հիմա, երբ հայտնվում են ներդրողներ, սկսվում է բյուրոկրատական քաշքշուկը։

Gisher.News- Ի զրուցակիցը ասում է, որ դրա մասին բարձրաձայնել է նաև նախագահի հետ հանդիպման ժամանակ։ 

«Գյուղոլորտում ներդրողների խնդիրները նույն էին, պարզվեց որ հողային նոր օրենսգրքի մշակման անհրաժեշտություն կա, քանի որ կան մարդիկ, որոնք 30 տարուց ավելի երկիրը լքել են, հողերը իրենց անունով է։ Համայքնի ղեկավարները ոչինչ չեն ձեռնարկում վարձավճարները գանձելու համար։ Եվ այդ հողերը այդպես անմշակ մնում են, ինչը կարելի է տրամադրել ներդրողին ու պարարտ հող ստեղծել ներդրողի համար։ Կարծում եմ՝ նման հանդիպումներ պետք է լիներ գործադիր իշխանության ներկայացոիցիչների հետ, որոնք այդպես էլ չեղան։ Մշակվեցին օրենքներ, որոնք թղթային էին ու որևէ աղերս չունեին իրական գյուղատնտեսության հետ» ։


Ընկերությունում ընդլայնելու շատ ծրագրեր ունեն, բայց այս պահին կարծես թե դաշտում թելադրողը համավարակն է։ 
«Մեծ ծրագրեր ունենք, բայց այս պահին «Ֆրիսկի» ցեղատեսակի ոչխարները, որոնք պետք է ներմուծվեին Գերմանիայից, 10 օր է Ավստրիայում կարանտինի մեջ են, 40 օր հետո դուրս են գալու։ Հուսանք, խնդրի առաջ չենք կանգնի, քանի որ սա ևս մեր համար կարևոր քայլ է։ 2021 թ–ին շուկայում ունենալու ենք նոր արտադրանք. պանիր և ոչխարի մածուն։

 

Արմինե Գևորգյան