Բավ է պառակտվել
13-08-2020 14:29

ՀԴՄ կտրոն չտպելը զինվորի հացը գողանալ է․վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Ճգնաժամը որպես հնարավորություն» հայեցակարգին՝ ընդգծելով, որ գործընկերության մթնոլորտը առաջնահերթ ու շեշտադրված պետք է դառնա տնտեսվարողների մոտ: Վարչապետը հիշեց 2 տարի առաջ հրավիրված քննարկումը, երբ տնտեսվարողներին ասվում էր, որ պետբյուջեն բոլորիս ընդհանուր գրպանն է, և պետք չէ ամեն ինչ անել, որ մի կոպեկ պակաս վճարել բյուջե:

«Հիմա այս հանդիպումների ընթացքում հիշեցնում էի մեր գործընկերներին, ասում էի՝ հիշո՞ւմ եք երկու տարի առաջ: Հիմա եկել եք, ասում եք՝ բյուջեից էս տվեք, էս տվեք, էն տվեք, բայց որ խոսքը գնում է՝ բյուջե ինչքանով եք պարտաճանաչ վճարում, էն ժամանակ դրա մասին խոսք չի լինում: Դրա համար էլ գործարար շրջանակները ինձ հետ հանդիպումներից հետո ասում են՝ դժգոհ ենք: Պետք է մեր վարքագծի մասին մտածենք, չէ՞: Ի՞նչ է նշանակում ՀԴՄ չտպել: Էն ժամանակ ասում էին՝ Կառավարությունը կոռումպացված է, բոլորը տանում են, մենք էլ ենք տանում: Հիմա էլ ես եմ ասում, ղալաթ կանի մեկը, որ կասի կառավարությունը կոռումպացված է, հիմա էլ ես եմ ասում, որ այդ կոռուպցիոն երևույթն այդտեղ մնացել է:  ՀԴՄ չտպելը զինվորի հացը գողանալ է»,- նշեց վարչապետը:

Վարչապետն անդրադարձավ նաև գույքահարկի շուրջ առաջացած դժգոհություններին:

«Ոչ մեկը չի ասում՝ եկեք տեսնենք՝ Երևանի կենտրոնում գույքահարկը քանի կոպեկ է, ոչ մեկը չի ասում՝ ՀՀ-ում անշարժ գույքի հարկ ընդհանրապես գոյություն չի ունեցել, փախեփախի տրամաբանության մեջ է եղել, որովհետև անշարժ գույքի կադաստրային արժեքը դրված է եղել սեփականաշնորհումների հիմքում, և չնչին կոպեկներով այս դահլիճում ամբողջ Հայաստանի գույքը ոչ միայն սեփականաշնորհվել է, այլև դրանից հետո ոչ մի կոպեկ հարկ չի վճարվել»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ  հիմա ճգնաժամ է և երբ այն ավարտվի, պետք է բիզնեսի կարգապահությունն ու ստանդարտները բարձրացնեն:

«Էս վերջերս  մի պաշտոնական այցի ժամանակ նվերների փոխանակման պահ կա և այնպես ստացվեց, որ այդ երկրի ղեկավարն ինձ որպես նվեր տվել էր այդ երկրում արտադրվող սննդի արդյունաբերության նմուշներ: Եվ երբ ես այն ուսումնասիրեցի, հասկացա, թե դա ինչ թեմա է, այդ ոլորտների մեր երկրում արտադրված արտադրանքները ինչի մենք չենք կարողանում շուկաներ տանել, դա ինչ հարց է: Քանի որ մեր արտադրած արտադրանքները, իմիջիայլոց, ինձ թվում էր, թե այդ ոլորտը մեր երկրում լավ էականորեն կայացած ոլորտ է: Բայց երբ ես այդ նմուշները տեսա, որը մեր երկրի ստանդարտին մոտ երկիր է, էնպես չի, որ սուպեր զարգացած երկիր է, ինչ արտադրական տեսակներ կան՝ սկսած դիզայնից, փաթեթավորումից և այդպես շարունակ, ես հասկացա, որ մեր բիզնեսի խնդիրն այն է, որ մենք նշաձողը դնում ենք ամենացածր սեգմենտի վրա, որակական ամենացածր ստանդարտների վրա:

Վարչապետի խոսքով՝ մեր բիզնեսի խնդիրն այն է, որ ստանդարտները միշտ ամենացածրի վրա են դրվում:

«Ես քանի անգամ բարձրացրել եմ մեր երկրում շինհրապարակների հարցը: Գնում ես շինհրապարակը նայում ես, պատկերացում ես կազմում, թե ինչ բիզնես կուլտուրա գոյություն ունի ՀՀ-ում, քանի որ շինհրապարակ ՀՀ-ում նշանակում է առաջին հերթին աղբանոց՝ դրանից բխող մենթալիտետով:

Կառավարության ղեկավարի  խոսքով մենք պետք է շատ հստակ ստանդարտ դնենք: Ըստ նրա   հայաստանյան գործարարների համար գերադասելի է հնարավորինս երկար ու լայն ավտոմեքենայով և հնարավորինս երկար շարասյունով շրջել, քան գումար ներդնել գիտելիքի, տեխնոլոգիաների, ստանդարտների վրա։

Պետք է բիզնեսին ասենք՝ մենք գործընկե՞ր ենք, թե՞ գործընկեր չենք: Իսկ գործընկերը հետևյալն է. երբ վիճակը լավ է, հարկեր վճարելու ժամանակն է գալիս, հայտնի լացի պատմությունը,ե րբ ճգնաժամ է, գալիս, ասում են՝ դե, 1 միլիարդ մեզ տվեք, 5՝ նրան տվեք, 60 միլիարդ այնտեղ դրեք: Դուք, մենք բոլորս ենք ձևավորում բյուջեն: Որտեղի՞ց վճարենք, երբ դուք ասում էիք՝ չկա այդ փողը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: