Բավ է պառակտվել
25-08-2022 22:29

Եվրասիական տնտեսական տարածքում բացասական կանխատեսումներն իրականություն չդարձան․ Փաշինյան

Աշխատանքային այցով Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին մասնակցող կառավարությունների ղեկավարները հանդիպել են Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ:

Նշելով, որ սպասվում է կարևոր նիստ՝ կարևոր հարցերի շուրջ հագեցած օրակարգով Փաշինյանը հույս է հայտնել, որ կհաջողվի հանգել կոնկրետ որոշումների։

«Կարող եմ նշել, որ Եվրասիական տնտեսական տարածքում բացասական կանխատեսումներն իրականություն չդարձան, հակառակը` հաստատվեց իրավիճակի մեր ընկալումը, քանի որ մենք հստակ ֆիքսել էինք, որ պանդեմիայից հետո ստեղծված իրավիճակը, իհարկե, իր հետ բերում է նոր մարտահրավերներ, սակայն նաև ստեղծում է նոր հնարավորություններ»,- ասել է նա։

Հայաստանի վարչապետի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում առևտրաշրջանառության թվերը վկայում են, որ 2021 թվականի հետ համեմատ կան աճի մեծ ցուցանիշներ։

«Իհարկե, սա պետք է արձանագրել, բայց չպետք է հանգստանալ, քանի որ դժվար ժամանակները, ցավոք, չեն ավարտվել: Անհրաժեշտ է կենտրոնանալ` փորձելով պահպանել ԵԱՏՄ երկրների միջև առկա առևտրաշրջանառության տեմպը: Վստահ եմ, որ արդյունավետ կաշխատենք և ընդունվելիք որոշումներն օգտակար կլինեն մեր քաղաքացիներին, երկրներին և Միությանն»,- ընդգծել է նա:

Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստիի ընթացքում Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետերը քննարկել են ներքին շուկայի ամրապնդմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, մաքսային սակագների կարգավորումներին, թվային օրակարգի և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի է ունենալու օգոստոսի 26-ին:

ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 1 733 277,4 հազար դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 52,5 տոկոսով։ Հայաստանի արտաքին առևտրային խոշոր գործընկերներն են Ռուսաստանը (2022թ. հունվար-հունիսին առևտրի ծավալը կազմում է $1,650,823,6 հազ.՝ 2021թ. վեց ամսվա համեմատ ավելանալով 50,1%-ով), Բելառուսը ($58,972,6 հազ., կրկնակի աճ) և Ղազախստանը ($21,590.2 հազ., աճելով 3.1 անգամ): Ղրղզստանի հետ ապրանքաշրջանառությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1891,1 հազար դոլար՝ 52 տոկոս աճով։