Բավ է պառակտվել
01-06-2021 11:24

Չնայած մեծ պետպարտքին՝ պետք է շարունակել աջակցել տնտեսությանը․ Հայաստանի ԿԲ

ՀՀ կենտրոնական բանկը գնահատել է կառավարության տնտեսական քաղաքականությունը և առաջարկություններ ներկայացրել հետագա քայլերի վերաբերյալ:

Չնայած բարձր պետական պարտքին, Հայաստանի կառավարությունը պետք է շարունակի միջոցներ ձեռնարկել տնտեսությանն աջակցելու համար: Այս մասին երեքշաբթի օրը Հայաստանի խորհրդարանում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

2020 թվականին տնտեսությանը հակաճգնաժամային աջակցության ծավալը կազմել է շուրջ 215 միլիարդ դրամ (մոտավորապես 410 միլիոն դոլար կամ ՀՆԱ-ի մոտավորապես 3.5%):

Ինչպես նշեց Գալստյանը, տարվա արդյունքներով հարկային եկամուտները նախորդ տարվա համեմատ նվազել են 5.4% -ով, բայց ոչ միայն տնտեսության կրճատման, այլ նաև այն պատճառով, որ պետությունը փորձեց նույնիսկ ճգնաժամային պայմաններում բիզնեսի համար ավելի դյուրին դարձնել հարկերի վճարումը։ Մասնավորապես, անցյալ տարվա ամռանը բիզնեսն ազատվեց եկամտահարկի կանխավճարից 2020-ի երկրորդ եռամսյակի համար և վճարեց այն միայն տարեվերջին (այսինքն՝ վեց ամսով հետաձգվեց):

Արդյունքում, տնտեսության աջակցությանն ուղղված պետական խթանները ֆինանսական արտահայտությամբ նախատեսվածից 2.5 անգամ ավելի բարձր եղան։ Հաշվի առնելով այն փաստը, որ ճգնաժամի պայմաններում տնտեսությունը կրճատվեց, իսկ պետությունը լրացուցիչ միջոցներ ծախսեց բիզնեսին և քաղաքացիներին աջակցելու համար, պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը, որը 2019-ի վերջին 49,9% էր, այժմ հասել է 63,5% -ի:

Այժմ կառավարությունը պետք է մշակի գործողությունների ծրագիր առաջիկա 5 տարիներին պարտքի ցուցանիշը 60% -ից իջեցնելու համար:

«Կենտրոնական բանկն ընդունում է, որ ներկայիս բացառիկ պայմաններում պետության քաղաքականությունը օրինաչափ է, ուստի անհրաժեշտ է շարունակել աջակցությունն», - ասաց Գալստյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական բյուջեի եկամուտները 2020 թվականին կազմել են 1 տրիլիոն 561 միլիարդ դրամ (մոտ 3 միլիարդ դոլար), ծախսերը՝ 1 տրիլիոն 895 միլիարդ (մոտ 3,5 միլիարդ դոլար):