Բավ է պառակտվել
13-07-2018 22:30

«Նորֆոլկ Քոնսալթինգը» կլուծարվի մինչև հուլիսի վերջ

«Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը կլուծարվի մինչև հուլիսի վերջ, դրա փոխարեն կբացվի պետական մասնակցությամբ ընկերություն, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Հայաստանի ԱԱԾ–ն ավելի վաղ բացահայտել էր բազմամիլիոնանոց հանցավոր սխեմաներ` ՊԵԿ–ի պաշտոնյաների մասնակցությամբ։ Հայտնի էր դարձել, որ 2017 թ.–ի օգոստոսի 1–ից մինչև 2018 թ.–ի մայիսի 1–ն ընկած ժամանակահատվածում բեռնափոխադրման ծառայություններով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների միջոցով «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը ստացել է կանխիկ 37,6 մլն դոլար, որից 26,4 մլն դոլար` Հայաստան ներմուծված ապրանքների մաքսազերծման համար, իսկ 11,2 մլն դոլարը` տնտեսվարող սուբյեկտներին մատուցած ծառայությունների համար։ Ընկերությունը չի վճարել պետբյուջե գրեթե 7 մլն դոլար։ Ընկերությունն ի սկզբանե ստեղծվել է ոլորտի որոշակի կարգավորման համար մաքսազերծումը բեռնափոխադրումից առանձնացնելու նպատակով, և որպեսզի առաջինը կատարվի մաքսային մարմնի կողմից վերահսկվող ընթացակարգերով։
«Հիմա ընկերությունը գտնվում է լուծարման փուլում, այդ գործընթացը նախատեսվում է ավարտել մինչև ամսվա վերջ, սակայն այն ժամանակավորապես իրականացնում է նույն գործառույթները, ինչ մինչև ԱԱԾ–ի բացահայտումները, բայց ՊԵԿ–ի աշխատակիցների խիստ վերահսկողության ներքո», – նշեց Անանյանը։
Միաժամանակ նա նշեց, որ եթե մինչև հուլիսի 20–ը վերականգնվի պատճառված վնասի ողջ գումարը, ապա քրեական գործը կկարճվի։ Նա ավելացրեց նաև, որ 7 մլն դոլարից ընկերությանը մնացել է վճարել 5 մլն դոլար։

Բացի այդ, ինչպես հայտնեց Անանյանը, «Նորֆոլկի» փոխարեն կստեղծվի պետական մասնակցությամբ նոր բաժնետիրական ընկերություն, որը կկատարի նույն գործառույթները, սակայն ավելի թափանցիկ։
ԱԱԾ–ի որոշմամբ, «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը և ըներության ևս երեք պատասխանատու աշխատակիցներ կալանավորվել են են ՀՀ ՔՕ 205 հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով (Գանձվող հարկերը, տուրքերը կամ այլ պարտադիր վճարումները վճարելուց խուսափելը) հանցագործություն կատարելու կասկածանքով։