Բավ է պառակտվել
18-07-2018 20:57

«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն պետբյուջե է վճարել 1,5 մլն դոլար

«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ–ի կողմից ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա 7 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամից 2018 թվականի հուլիսի 17-ի դրությամբ բյուջե արդեն իսկ վճարվել է 721.4 մլն. դրամը (մոտ 1,5 մլն դոլար), հաղորդում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Հայաստանի ԱԱԾ–ն ավելի վաղ բացահայտել էր բազմամիլիոնանոց հանցավոր սխեմաներ` ՊԵԿ–ի պաշտոնյաների մասնակցությամբ։ Հայտնի էր դարձել, որ 2017 թ.–ի օգոստոսի 1–ից մինչև 2018 թ.–ի մայիսի 1–ն ընկած ժամանակահատվածում բեռնափոխադրման ծառայություններով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների միջոցով «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը ստացել է կանխիկ 37,6 մլն դոլար, որից 26,4 մլն դոլար` Հայաստան ներմուծված ապրանքների մաքսազերծման համար, իսկ 11,2 մլն դոլարը` տնտեսվարող սուբյեկտներին մատուցած ծառայությունների համար։ Ընկերությունը չի վճարել պետբյուջե գրեթե 7 մլն դոլար։ Ընկերությունն ի սկզբանե ստեղծվել է ոլորտի որոշակի կարգավորման համար մաքսազերծումը բեռնափոխադրումից առանձնացնելու նպատակով, և որպեսզի առաջինը կատարվի մաքսային մարմնի կողմից վերահսկվող ընթացակարգերով։

ՊԵԿ–ի հաղորդում են նաև, որ մնացած գումարը գտնվում է ընկերության բանկային հաշվեհամարին, որը բյուջե կփոխանցվի մինչև սույն թվականի հուլիսի 20-ը:

«Միաժամանակ հայտնվում է, որ ընկերությունում լուծարային ստուգումը դեռևս ամփոփման փուլում է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել է, որ եթե մինչև հուլիսի 20–ը վերականգնվի պատճառված վնասի ողջ գումարը, ապա քրեական գործը կկարճվի` ավելացնելով, որ 7 մլն դոլարից ընկերությանը մնացել է վճարել 5 մլն դոլար։

ԱԱԾ–ի որոշմամբ, «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը և ըներության ևս երեք պատասխանատու աշխատակիցներ կալանավորվել են են ՀՀ ՔՕ 205 հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով (Գանձվող հարկերը, տուրքերը կամ այլ պարտադիր վճարումները վճարելուց խուսափելը) հանցագործություն կատարելու կասկածանքով։