Հայաստանից Ռուսաստան գնացող շուրջ 60 բեռնատար՝ բեռնված կոնյակով, սպասում է Վերին Լարսի անցակետում․ ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում, երբեմն որոշում են ապրանքն ուղարկել փորձաքննության: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
«Կոնյակի նկատմամբ հսկողությունը շատ շուտ է սկսվել Ռուսաստանում: Մարտ-ապրիլ ամիսներից ռուսական մաքսային ծառայությունը մաքսային հսկողություն է սկսել իրականացնել Հայաստանից ներմուծված կոնյակների նկատմամբ: Դա բացատրում են նրանով, որ հայտնաբերել են խախտումներ՝ կեղծ կոնյակներ և այլն: Մի քանի օր առաջ հսկողությունն ավելի են ուժեղացրել: Եթե նախկինում հսկողությունն իրականացվում էր կոնկրետ ինչ-որ արտահանողների կամ ներմուծողների նկատմամբ, այս պահին Հայաստանից եկող ամբողջ կոնյակը ենթարկվում է մաքսային հսկողության»,-ասել է Հակոբյանը:
Նա բացատրել է՝ հսկողությունը լինում է երկու տեսակի՝ փաստաթղթային կամ զննում: Զննման արդյունքում հնարավոր է որոշում կայացվի ապրանքն ուղարկել փորձաքննության: Երբ ապրանքն ուղարկվում է փորձաքննության, մեքենաները ստիպված են լինում սպասել անցակետում մինչև պատասխանների գալը: Մաքսային կցորդի խոսքով՝ մեքենաների կուտակումների պատճառը հիմնականում հենց դա է լինում, որ սպասում են փորձաքննության պատասխանին (1 շաբաթից 1 ամիս):
Նրա խոսքով, ստուգման ավարտին է սպասում մոտ 60 մեքենա։ «Բայց ընդհանուր առմամբ դա չի խանգարում Հայաստանից Ռուսաստան մեկնող բեռնատարներին ձևակերպման ընթացակարգեր իրականացնել և մեկնել Ռուսաստանի Դաշնություն»,- ասել է Հակոբյանը։
Մեկնաբանելով այն կարծիքը, թե այսպիսով Ռուսաստանը «տնտեսական պատժամիջոցներ» է կիրառում Հայաստանի նկատմամբ, մաքսային կցորդն ընդգծեց, որ ռուս գործընկերների հետ աշխատանքի ընթացքում բացահայտվում են իրական խախտումներ՝ կեղծ կոնյակներ, բաղադրության հետ կապված խախտումներ։ Եվ հաշվի առնելով, որ ստուգումներն իրականացվում են սկասծ մարտ-ապրիլ ամիսներից, Հակոբյանը կարծում է, որ ռուսական կողմը օբյեկտիվորեն նման գործողությունների հիմքեր ունի։
Միաժամանակ նա վստահեցրել է, որ եթե հայաստանցի գործարարների նկատմամբ անարդար վերաբերմունքի դեպքեր բացահայտվեն, ապա հայկական կողմն անմիջապես կապ կհաստատի ռուս գործընկերների հետ և կքննարկի հարցերը բոլոր հնարավոր տարբերակներով։ Տեղեկությունները տրամադրվում են նաև ՊԵԿ-ին և դեսպանությանը։
Հակոբյանը հավելել է, որ Վերին Լարսի անցակետով Հայաստանից Ռուսաստան այլ բեռներ տեղափոխող բեռնատարների հետ կապված խնդիրներ չկան։ Այս պահին Ռուսաստան է մուտք գործում հայկական բեռների աննախադեպ մեծ ծավալ՝ օրական միջինը 200 բեռնատար։
Բավ է պառակտվել