Բավ է պառակտվել
15-11-2019 20:15

Արդյո՞ք 2020 թ–ի բյուջեն արդարացնելու է սպասումները՝ քննարկում ԱԺ –ում

Ազգային ժողովում 2020թ․ պետական բյուջեի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը դժգոհեց՝ բյուջեն չի արտացոլում այն, ինչի մասին Կառավարության ծրագրում նշվում եր։
Օրինակ՝ Կառավարության ծրագրում կային դրույթներ, կարևոր էին, բայց բյուջեում դրանց մասին ոչ մի տող գրված չէ։
«Խոսքը վերականգնվող էներգետիկայի տեսակարար կշռի ավելացման մասին է, և դուք չեք գտնի ոչ մի տող բյուջեում, երբ որ մենք ուզում ենք արևային և քամու էներգիան օգտագործել որպես վերափոխում մեր էներգետիկ համակարգի կառուցման և ապահովության»,- ասաց Մանե Թանդիլյանը։ Վերջինս նշեց,որ բյուջեում որևէ տող չկա 10 մլն ծառի տնկմանն ծրագրի մասին։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել էր,որ պլանավորում են Հայաստանի Հանրապետությունում տնկել 10 մլն ծառ 10-րդ ամսի 10-րդ օրը, որը կխորհրդանշի 10 մլն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ և Հայաստանի Հանրապետությունում։

Իսկ ահա «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանն առանձնացրեց այն կետերը, որոնք, իր կարծիքով, կարևորությամբ առանձնանում են:
«Կրթության մեջ կարևորում եմ 2 կետ՝ ռոբոտաշինության զարգացման ծրագիրը, որին մոտ 5 անգամ ավելի շատ գումար է հատկացվելու, քան 2018թ-ին: Այս ծրագրի շնորհիվ «Արմաթ» լաբորատորիաները հասանեի կլինեն գրեթե բոլոր դպրոցներում։
Սոցիալական ոլորտում Վարազդատ Կարապետյանն առանձնացրեց երկրաշարժի հետևանքով անօթևան մնացածների բնակարանաշինության ծրագրին ուղղված 6.5 անգամ ավելի շատ գումարը, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ աղետի գոտին պետք է դադարի աղետի գոտի համարվել:
Իսկ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ հեղափոխություններից հետո նոր իշխանությունները 1,5-2,5 տարի են ունենում ժողովուրդների դրական սպասումները արդարացնելու համար, սակայն 2020 թվականի բյուջեն, ըստ նրա, չի արդարացնելու այդ սպասումները։
Մելքումյանի խոսքով՝ ժողովրդի սպասումները հեղափոխական էին, իսկ բյուջեն իրատեսական է, արդյունքում էլ կտրուկ փոփոխություն չի լինի։
Պատգամավորի խոսքով՝ հունվար-հունիս ամիսներին ներդրումների ներհոսքը տնտեսության իրական հատվածում (արդյունաբերություն, շինարարություն, գյուղատնտեսություն) եղել է 310 միլիոն դոլար, բայց նույն ժամանակահատվածում կապիտալի արտահոսք է եղել 295 միլիոն դոլարի չափով, այսինքն` իրական ներհոսքը 15 միլիոն դոլար է։
Մելքումյանի խոսքով՝ կառավարությունը պետք է պարզի՝ ինչո՞ւ են մարդիկ կապիտալը դուրս բերում Հայաստանից։

 

Արմինե Գևորգյան