Բավ է պառակտվել
26-09-2019 18:36

Ո՞վ կտիրանա «Գոլդեն Փելես» հյուրանոցին.փնտրվում է գնորդ


Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը կշահագործվի պետության կարիքների համար: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: Այս հյուրանոցը պատկանում է Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամներին: Նրանք հարուցված քրեական գործի շրջանակում 2018 -ի նոյեմբերին «Գոլդեն Փելես» -ը պետությանը նվիրաբերելու դիմում էին ներկայացրել Պետական գույքի կառավարման կոմիտե: Հյուրանոցը շարժական և անշարժ գույքով գնահատվում է շուրջ 16.5 մլն դոլար:
«Որոշման ստորագրումից, հանձնման-ընդունման գործընթացից հետո, որը մի երկու-երեք շաբաթ կտևի, զուգահեռաբար կքննարկվեն օտարման առաջարկները` թե´ սակարկությունների միջոցով օտարման, թե´ հավատարմագրային կառավարման տալու համար: Եղել են վարձակալության և գնման առաջարկներ: Եթե սակարկությունների միջոցով գնահատվի, սկզբնական փուլում գնի նվազման հնարավորություն չի տրվի: Հետո հնարավոր է` գինը աճի: Կարծում եմ` վաճառքի դեպքում ճիշտն աճուրդով տարբերակն է սակարկություններով»,- կառավարության նիստից հետո մանրամասներ ներկայացրեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
Բաբայանն ասում է, որ հյուրանոցը ձեռք բերելու առաջարկներ ստացել են և´ Հայաստանի, և´ «դրսի» հայերից: Նաև պարզաբանել է հյուրանոցի՝ պետությանը նվիրաբերելու և պետության կողմից այդ նվերն ընդունելու գործընթացի ձգձգման պատճառը։«Քննարկվել են տարբեր ռիսկեր, որոնք կարող էին առաջանալ: Կային գույքն ընդունելու տարբերակներ՝ թե՛ որպես գույք, թե´ որպես ՍՊԸ: Կային որոշակի ռիսկեր, որոնք ներկայացվել էին արդարադատության նախարարության կողմից»,- ասել է Նարեկ Բաբայանը:

 

Արմինե Գևորգյան