Բավ է պառակտվել
20-07-2019 21:18

Փաշինյանը նշել է դեպի արդյունաբերական երկիր տանող ուղիները (տեսանյութ, ֆոտո)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը Գյումրիում մասնակցել է “Իմ քայլը հանուն Շիրակի մարզի” տնտեսական համաժողովին:

Ինչպես նշել է կառավարության մամլո ծառայությունը, վարչապետը նախ շրջայց է կատարել համաժողովի շրջանակում բացված էքսպո-ցուցահանդեսում, ծանոթացել Շիրակի մարզի ընկերությունների արտադրություններին գյուղմթերքների, վերամշակող արդյունաբերության, տեքստիլ, կոշիկի արտադրության բնագավառներում:

Փոփոխություններ հարկային օրենսգրքում․մանրամասներ և առավելություններ

Ողջունելով հավաքվածներին, Փաշինյանը նշել է, որ այս միջոցառումը լավ առիթ է խոսելու կառավարության տնտեսական քաղաքականության հայացեկարգային մոտեցումների մասին։

՛Ըստ էության, այս հայեցակարգային դրույթները պետք է անվանեմ տնտեսական հեղափոխության հայեցակարգային դրույթներ, որոնք մենք առաջիկայում կամբողջացնենք և կներկայացնենք որպես ամբողջական ռազմավարություն, թե ինչպես ենք պատկերացնում Հայաստանի զարգացումը և տնտեսական կառուցվածքը: […]: Տնտեսական քաղաքականության մեջ մենք նաև հարկային փոփոխութունների մի քանի մակարդակ ենք դիտում` միկրո, միջին և մակրո բիզնեսների նկատմամբ վարվող քաղաքականություն։,-ասել է նա հավելելով, որ միկրո բիզնեսը կշարունակի մնալ կառավարության ուշադրության կենտրոնում։

Վարչապետը տեղեկացրել է, որ գալիք տարվա հունվարի 1-ից միկրո բիզնեսը կազզատվի բոլոր տեսակի հարկերից, նման ընկերության աշխատակիցների եկամտային հարկը 23 տոկոսի փոխարեն կսահմանվի 5 հազար դրամ։

“Սա կարևորում ենք գործարար ակտիվությունը մեծացնելու համար, այն մեր աջակցությունն է քաղաքացիներին և կոչը` ծավալել գործունեություն: Այս գործը տեսնում ենք որպես աղքատության հաղթահարման կարևոր մի գործիք”,-ասել է նա։

Փաշինյանի խոսքով, կառավարության տնտեսական քաղաքկանությունն ունի սոցիալական ուղղվածություն․ ընթացիկ տարվա հուլիս 1-ից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող տաքսիների վարորդներն ազատվել են վճարներից: Մինչ այս Երևանում գործունեություն ծավալող տաքսիների վարորդները ամսական վճարում էին 12, իսկ մարզերում` 8 հազար դրամ: Գործունեություն ծավալելու լիցենզիաների ստացման գործընթացը նույնպես անվճար է:

“Սա նշանակում է որ մեր հայրենակիցներին գործունեություն ծավալելու հնարավորություն ենք տալիս և հույս ունենք, որ սա կլինի կառավարություն-քաղաքացի համագործակցության որոշակի չափանիշ: Տաքսիների վարորդներին ազատելով հարկային պարտավորությունից` հույս ունենք, որ նրանք հետևողականորեն կաշխատեն սպասարկման, ծառայությունների վրա, որովհետև յուրաքանչյուր զբոսաշրջիկ տաքսիից որոշակի տպավորություններ է ստանում: Մեր խնդիրը պետք է լինի անել այնպես, որ Հայաստան եկող ամեն օտարերկրացի շարունակի այցելել Հայաստան և իր հայրենակիցներին ևս հորդորի դա անել”,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը հավելել է, որ հարկային նոր փոփոխություններով տնայնագործությամբ զբաղվող անհատները նույնպես ազատվում են շրջանառության հարկից: Ռեստորանների համար հարկային սահմանաչափերը վերադարձվել են 2018 թվականի հուլիսի 1-ի մակարդակին, հետադարձ ուժ է հաղորդվել օրենքին և ռեստորանների ներկայացուցիչները հարկերը վերահաշվարկելու հնարավորություն են ստացել:

՛Սրանք շատ կարևոր խթան կհադիսանան տուրիզմի զարգացման համար: Կենտրոնական բանկի տվյալներով` ընթացիկ տարվա առաջին կիսամյակում զբոսաշրջիկները շուրջ 120 մլն դոլար ավելի են ծախսել Հայաստանում: Սա ընդգծում եմ հետևյալի համար. այս քաղաքականությամբ Հայաստանի քաղաքացիների համար բացում ենք որոշակի տնտեսական գործունեություն վարելու հնարավորություն»,- ասել է կառավարության ղեկավարը` ավելացնելով, որ կառավարությունը ուղիղ ձևով վերջ է տալու կոռուպցիոն համակարգի հետ կապված տնտեսական համակարգին և այստեղ կոմպրոմիս չի լինելու:

Իջևանի իրադարձությունների մասին

Խոսելով Իջևանի իրադարձությունների մասին, Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը մտադիր չէ գնալ որևէ ապօրինի կոմպրոմիսի, և զարմանալի է համարել այն կարծիքները, թե ինչու է ապօրինի ծառահատումների դեմ պայքարն այդ ծավալով իրականացվում, չէ որ դա այդ մարդկանց ապրուստի փողն է:
“Սա ինձ համար անհասկանալի մոտեցում է: Կներեք, հազար դրամ վերցնող երբեմնի ճանապարհային ոստիկանի 1000 դրամն էլ իր ապրուստի փողն է, կոռուպցիոների կաշառքն իր ապրուստի փողն է, գողություն անողի ապրուստի փողը գողությունն է, ավազակություն անողի ապրուստի փողն ավազակությունն է: Մենք կարծում ենք` ստեղծել ենք բավարար դաշտ, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ստեղծարար աշխատանքով իրենց հացը վաստակելու հնարավորություն ունենան և մենք հետևողական աշխատելու ենք այս ուղղությամբ»,- ասել է նա։

Դեպի արդյունաբերական պետություն

Վարչապետն ընդգծել է, որ այսօրվա տնտեսական վիճակի հաղթահարումն ամենևին էլ միկրո բիզնեսի միջոցով չի լինելու: 

“Մեր երկիրը պետք է լինի արդյունաբերական պետություն: Առաջիկայում մենք կենտրոնանալու ենք բոլոր տեսակի արդյունաբերությունները զարգացնելու վրա: Հարկային նոր փոփոխություններով մենք սահմանեցինք համահարթ եկամտահարկ ու գիտեմ, որ դրա հետ կապված նույնպես կան որոշակի մտահոգություններ, որովհետև դրա արդյունքում գալիք տարվա հունվարի 1-ից 146 հազար մարդու աշխատավարձերը կավելանան, բայց նրանք մեր աշխատողների մեծամասնությունը չեն, այլ փոքրամասնություն”,- ասել է նա:

Վարչապետն, այնուամենայնիվ, կարծում է, որ ճիշտ որոշում է կայացվել։

“Հայաստանում լայնորեն տարածված է ստվերային աշխատավարձի պրակտիկան, համահարթ եկամտահարկի ներմուծմամբ մենք շանս ենք ստեղծում, որպեսզի գործատուները և աշխատողները կարողանան ստվերը դուրս բերել: Պետք է որոշակի ժամանակ սպասենք` հասկանալու համար, թե հարաբերակցությունն ինչպես է փոխվում: Առաջիկա տարիներին մենք համահարթ եկամտահարկի շեմն իջեցնելու ենք` դարձնելով 20 տոկոս, այսինքն բոլորի համար է եկամտահարկը նվազում”,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ ժամանակը ցույց կտա համահարթ եկամտահարկի կիրառման արդյունավետությունը:

Վարչապետը նշել է, որ այսպիսի քաղաքականության որդեգրումը կապված է նաև Հայաստանի Հանրապետության ապագայի վերաբերյալ կառավարության պատկերացումներով: 

“Մեզ մեղադրում են, թե այս քաղաքականությունը վարվում է բարձր աշխատավարձեր ստացողների համար: Մենք ասում ենք, որ հենց բարձր աշխատավարձերի քաղաքականություն ենք վարում: Երբ ասում ենք, որ կառուցելու ենք տեխնոլոգիական երկիր, նաև համարում ենք, որ ցածր աշխատավարձային սեգմենտ չպետք է լինի, աշխատանքի շուկան պետք է աչքի ընկնի բարձր աշխատավարձերով և որակյալ աշխատողներով”,- ասել է նա։

Ըստ Փաշինյանի, Այս խնդրի լուծման համար կառավարության ռազմավարական պատկերացումը երկրի արդյունաբերականացումն է, և պետք է լուծվի խնդիրը, թե ինչպես է աջակցություն ցուցաբերվելու արդյունաբերությանը և արտահանում իրականացնող արտադրություններին:

“Հիշեցնեմ, որ կառավարության ծրագրում սա առաջնային դրույթներից մեկն է, բայց ցանկանում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել ներքին արտադրության աջակցման բազմաշերտ մշակույթի վրա: Պետք է քաղաքացիները, սպառողներն իրենց գնումներն իրականացնելիս նախընտրությունը տան տեղական արտադրողներին: Ցավոք, մեր տեղական արտադրությունը փոքր է և փոքր աջակցությունը կարող է ունենալ վճռական նշանակություն»,- ասել է նա։

Ներդրումային միջավայրի բարելավում՝ հեռանկարով
Խոսելով ներդրումային միջավայրը բարելավելու մասին` վարչապետը նշել է, որ կառավարությունը պետք փորձի հանդես գալ տեղական արտադրանքի հիմնական սպառողի դերում, բայց այս հարցը քննարկելիս գործադիրը բախվում է մեծ խնդրի:
“Ամեն տարի կառավարությունը խոշոր գնումներ է իրականացնում, բայց ինչպես գիտեք, այդ գնումները պլանավորվում են հիմնականում մեկ տարվա կտրվածքով: Իսկ դա մեր հաշվարկներով չի կարող դառնալ գրավիչ ներդրողների համար, ուստի կայացրել ենք կարևոր որոշում: Պետական գերատեսչությունները, ձեռնարկությունները պետք է իրենց գնումները պլանավորեն 5-10 տարիների կտրվածքով: Մենք գերատեսչությունների ծախսերը պլանավորում ենք առանձին, բայց կառավարոությունը պետք է կոնսոլիդացնի պետական գնումների հաշվարկը:
Այս առնչությամբ վարչապետը պարզաբանել է, որ խնդիր է կանգնած պարզել, թե առաջիկա 10 տարվա ընթացքում պետական ընկերություններն, օրինակ, որքան համակարգիչներ են գնելու, հաշվարկել ծավալը, անել հաշվարկներ, պարզել, արդյոք 10 տարվա ընթացքում երկրում համակարգիչ արտադրելը կարող է պոտենցիալ ներդրողի համար տնտեսապես լինել շահավետ:


“Եթե պարզվի, որ դա հետաքրքիր չէ այսօրվա օրենսդրության պայմաներում, ապա պետք է իրականացնել փոփոխություններ, որպեսզի արտադրությունը կազմակերպելը լինի հետաքրքիր ներդրողների համար»,-ասել է կառավարության ղեկավարը` հավելելով, որ արդյունքում ներդրող ի հետ կկնքվի երկարաժամկետ պայմանագիր և տվյալ ապրանքի արտադրությունը կկազմակերպվի Հայաստանում:
Վարչապետի խոսքով, բնականաբար, ներդրողի առաջ նախ պետք է խնդիր դրվի գնումների ընթացքում երկրից դուրս ձեռք բերել գործընկերներ, որպեսզի արտադրական պրոցեսը լինի հնարավորինս երկարաժամկետ:
Տնտեսական զարգացման համատեքստում վարչապետը կարևորել է նաև հողային ռեֆորմի իրականացումը։ Նա մեծ խնդիր է համարել այն, որ մեր երկրի աշխատուժի 30 տոկոսը ներգրավված է գյուղատնտեսության մեջ, ՀՆԱ-ի 14 տոկոսը կազմում է գյուղատնտեսությունը: 
“Պետք է գյուղատնտեսության մեջ զբաղված աշխատուժի տեսակարար կշիռը նվազի և ավելանա արդյունաբերության մեջ ներգրավվածների տեսակարար կշիռը: Այս առումով, հողային ռեֆորմը շատ կարևոր է, որը հնարավորություն, պետք է տա զարգացնել արդյունաբերությունը, բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը: Այդ ջանքերը պետք է լինեն մեր կառավարութան քաղաքականության հաջորդ կարևոր քայլն”,- ընդգծել է նա։
Ինչպես նշել է Փաշինյանը, մոտակա 30 տարում տոնավաճառները պետք է ձևափոխվեն արդյունաբերական և արտադրական տարածքների, Հայաստանը պետք է վերադարձնի արդյունաբերական երկրի իր երբեմնի համբավը։
“Նորը նման չի լինի հին արդյունաբերությանը, բայց ունենք բավարար ինտելեկտուալ պոտենցիալ, ի վիճակի կլինենք կրթական բարեփոխումներով այդ պոտենցիալը քայլ առ քայլ հետևողականորեն զարգացնել: Մենք հավատում ենք, որ սա նաև լուծելու է երկրում առկա դեմոգրաֆիական խնդիրը»,- ասել է վարչապետը։